Լատվիայի նախագահի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորեց միջազգային հանրության խիստ արձագանքն Ադրբեջանի գործողություններին

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիան Հայաստանի համար բարեկամ երկիր է: ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում այս մասին Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»–ի թղթակիցը, կողմերը քննարկեցին հայ-լատվիական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

Փաշինյանը հույս հայտնեց, որ Հայաստանի ժողովրդավարական փոփոխություններն այս երկրները միմյանց ավելի մոտ կդարձնեն: «Ակնկալում ենք նաև ԵՄ աջակցությունն այս ճանապարհին՝ ավելի ուժեղ դարձնելու մեր երկիրը»,- նշեց նա:

Անդրադառնալով ԼՂ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի վերջին գործողություններին՝ Փաշինյանն ասաց. «Ադրբեջանը շփման գծում շարունակում է իրավիճակը լարելու գործելաոճը, քանի որ այդ երկրի նախագահը մտավախություն ունի, որ հայաստանյան ժողովրդավարական գործընթացները կարող են հասնել նաև Ադրբեջան»:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը հավա­տարիմ է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակ­ցային գործընթացին և հավելեց, որ հիմնախնդրի կարգավորման ցանկացած ռազմական փորձ պետք է դիտարկել որպես ոտնձգություն ժողովրդավարության դեմ:

Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց միջազգային հանրության կոշտ արձագանքը Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակը սրելու փորձերին:

Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարության քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը. ՀՀ իշխանություններն առաջիկայում մտադիր են անցկացնել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:

Լատվիան ԵՄ անդամ առաջին երկրներից էր, որը վավերացրեց ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը:

Աշխատանքային այցի երկրորդ օրը Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհանդիպի նաև Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Նախատեսվում է նաև Փաշինյանի ձեռքսեղմում-հանդիումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի:

ՀՀ վարչապետը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհրդի և հաստատակամ աջակցության առաքելության մասնակից գործընկեր երկրների նախագահների և կառավարությունների ղեկավարների նիստին, որի ժամանակ հանդես կգա ելույթով:

Այնուհետև, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ երկկողմ հանդիպումից հետո Փաշինյանը կուղևորվի Եվրոպական խորհրդի շենք, որտեղ կհանդիպի ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի հետ:

Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ ճաշից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Արաքս Կասյան

Հայերեն English Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ