Օպերային թատրոնը «Կախարդական սրինգը» կներկայացնի Դուբայում և Քուվեյթում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան կներկայացնի Դուբայում և Քուվեյթում: Թատրոնի արտասահմանյան հյուրախաղերից հետո բեմադրությունը վայելելու հնարավորություն կստանա հայ երաժշտասերը:

«Արմենպրես»-ը օպերայի մասին զրուցել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր, միջազգային մրցույթների դափնեկիր Հարություն Արզումանյանի, ինչպես նաև օպերային թատրոնի երգիչներ սոպրանո Մերի Մովսիսյանի և բարիտոն Կիմ Սարգսյանի հետ:

Հարություն Արզումանյան, դիրիժոր

Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերան Հայաստանում երբևէ չի ներկայացվել: Ժամանակին միայն բեմադրվել էր Մոցարտի «Դոն Ժուան» օպերան, որը կոմպոզիտորի միակ օպերան էր, որ ներկայացվել էր Հայաստանում: Հունիսի 30-ին նախապրեմիերայի պես մի բան արեցինք՝ բաց հանձնում թատրոնի աշխատակիցների, հարազատների համար: Իրական պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերին Դուբայի նորակառույց գեղեցիկ օպերային թատրոնում: Սեպտեմբերի 6, 7, 8-ին թատրոնը հանդես է գալու այնտեղ:

«Կախարդական սրինգի» բեմադրությունը կատարել է իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեն: Նա այժմ աշխարհում շատ մեծ ժողովրդականություն է վայելում և բազմաթիվ վայրերում է բեմադրություններ անում: Բեմադրությունը հագեցած է լուսային և լազերային բազում էֆեկտներով:

«Կախարդական սրինգը» սեպտեմբերի վերջին կտանենք Քուվեյթ: Քուվեյթում երկու ներկայացում պետք է խաղանք. նորակառույց թատրոնի առաջին ներկայացումներն են լինելու: Իսկ դեկտեմբերի սկզբին «Կախարդական սրինգը» կներկայացվի հայ հանդիսատեսին: Դեկտեմբերն ենք ընտրել, քանի որ մինչ այդ մի շարք այլ պրեմիերաներ ունենք:

«Կախարդական սրինգ»-ում հանդես են գալու Լիպարիտ Ավետիսյանը, Պերճ Քարազյանը, Հասմիկ Թորոսյանը, Զոհրաբ Զոհրաբյանը, Ջուլիետա Ալեքսանյանը, Մերի Ավետիսյանը, Կիմ Սարգսյանը և այլք: Այսինքն՝ օպերային թատրոնի լավագույն արտիստները և երիտասարդ ուժերը:

Մերի Մովսիսյան, սոպրանո

«Կախարդական սրինգ»-ում մարմնավորում եմ Պամինային: Նա երիտասարդ արքայադուստր է, որին առևանգել է Զարաստրոն: Տամինոն երիտասարդ արքայազն էր, որ սիրահարված էր Պամինային: Այդ սերը և բազում փորձություններ օգնեցին նրանց հաղթահարել բոլոր դժվարությունները և լինել միասին:

Պամինան ինձ համար լուսավոր, դրական արքայադստեր կերպար է: Մեծ հաճույքով եմ կերտել այս դերը: Շատ եմ հավանում օպերան, Մոցարտի ստեղծագործությունը կատարելը յուրահատուկ տեխնիկա է պահանջում: Շատ գեղեցիկ, կախարդական երաժշտություն է:

Օպերային թատրոնի կազմում հյուրախաղերի դեռ չեմ մասնակցել, առաջին անգամ կմեկնեմ հյուրախաղերի:

Կիմ Սարգսյան, բարիտոն

«Կախարդական սրինգ»-ում մարմնավորում եմ Պապագենոյի դերը: Նա ապրում է անտառում, չգիտի, որ այլ մարդիկ գոյություն ունեն: Ինձ շատ է դուր գալիս կերպարը: Հերոսս շատախոս է: Հետաքրքիր, կիսակատակերգական, կիսափիլիսոփայական կերպար է: Բայց այդ թեթև կերպարի ներսում ահավոր ծանր ապրումներ են թաքնված:

Օպերային թատրոնում արդեն 14 տարի աշխատում եմ որպես ջութակահար, և երկրորդ տարին՝ որպես երգիչ: Որպես թատրոնի երգիչ առաջին հյուրախաղս է: Առաջիկայում հանդես եմ գալու նաև այլ դերերգերով:

Նշենք, որ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» երկու գործողությամբ օպերան գրվել է Վիեննայի «Աուֆ դեր Վիդեն» թատրոնի տնօրեն Էմանուել Շիկանեդերի պատվերով` նրա իսկ հեղինակած գերմաներեն լիբրետոյի հիման վրա: Օպերան առաջին անգամ հանրության դատին է ներկայացվել 1791 թվականին և համարվում է կոմպոզիտորի լավագույն օպերաներից մեկը։ Ներկայումս ընդգրկված է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկերում, բազմիցս ձայնագրվել և թողարկվել է ձայնապնակների ու ձայնասկավառակների վրա։

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Հայերեն Русский

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է Մոլդովայում ՌԴ-ի կողմից նշանակված դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​շփումների պահպանման մասին