Կարեն Աղամյանը ՀՀ պետական խորհրդանիշները վերաարժևորելու անհրաժեշտություն է տեսնում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում հերալդիկ (զինանշանագիտական) խորհուրդ ստեղծելու անհրաժեշտություն կա: Նման համոզմունք ունի ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն, ով արդեն տասը տարի է, ինչ բարձրաձայնում է ՀՀ պետական խորհրդանիշներից մեկի` զինանշանի վրա առկա մի շարք թերությունների մասին:

«Արմենպրեսը»-ի հետ զրույցում նա հայտնեց, որայս տարիների ընթացքում վերամշակել է Զինանշանը, ինչի արդյունքում ստեղծված տարբերակներից առավել հաջողվածները պատրաստ է ներկայացնել իշխանություններին: Նա պատրաստվում է իր մտահոգությունների և փաստերի մասին նամակ հղել ՀՀ նախագահին, վարչապետին և Մշակույթի նախարարին:

«1992թ-ին ներկայացված Զինանշանի հեղինակները, կարծում եմ, ջանասիրությամբ և ազնիվ են մոտեցել զինանշանի ստեղծմանը, սակայն, ըստ երևույթին, բավարար ծանոթ չեն եղել հերալդիկայի կանոններին: Հետագայում, որոշ մարդիկ չունենալով համապատասխան ունակություններ, խեղաթյուրեցին ՀՀ Զինանշանը, որն էլ ընդունվեց Ազգային ժողովի կողմից: Շուտով, արդեն ինձ անհայտ ուժեր կամ մարդիկ, կարծես թե միտումնավոր, պղծեցին առանց այդ էլ անկատար Զինանշանը: Մեր երկրում չկա հերալդիկ խորհուրդ, ինչի մասին նույնպես ահազանգում եմ տարիներ շարունակ և, ցավոք, անարդյունք»,- նշում է Կարեն Աղամյանը:

Ոճային իմաստով և նկարչական մակարդակով ՀՀ զինանշանն ունի խիստ թերություններ, սակայն, ըստ Կարեն Աղամյանի, սա չէ, որ պետք է առաջին հերթին անհանգստացնի:

«Ըստ զինանշանի՝ մենք մի պետություն ենք, որը ուժ չունի, քանզի նրա թուրը ծայր չունի, իսկ որոշ օգտագործվող տարբերակներում այն, առհասարակ, պատկերված է ջարդված և վահանի վրա դրված, կամ էլ վահանի եզրին՝ ջարդված վիճակում հենված: Բացի այդ, մեր սուրը շղթայված է: Իսկ ի՞նչ ճյուղ է պատկերված… դա անհայտ է, ինչը, ըստ զինանշանագիտության կանոնների անթույլատրելի է: Ժապավենը, ըստ նույն կանոնների, զինանշանների վրա օգտագործվում է այն դեպքում, եթե երկիրն ունի կարգախոս. բայց նույնիսկ այս ժապավենը թարս է պատկերված»,- ասում է Կարեն Աղամյանը և հավելում, որ աջից առյուծ՝ ասես մի հիվանդ էակ լինի՝ փակ, լացակումած բերանով, բացակայում է նրա առնականությունը և կենսունակությունը բնորոշող ճակատից վեր խոյացող բաշը: Կարծես մի ծերացած, ճաղատ էակ է՝ վախից ետ քաշած մի այլ կենդանու ականջներով:

Ըստ հերալդիկայի օրենքների՝ առյուծի երախը և արծվի կտուցը պետք է բաց լինեն և լեզուն հանած: Ձախից արծվի ոտքը սկսվում է վզից, թևը ոչ մի կերպ չի կապվում մարմնին, իսկ ճանկերը վերածվում են թաթի: Արարատ լեռան վրա էլ ոչ թե Տապանն է, այլ ինչ-որ հաստ գիծ, որը հաճախ կարելի է նմանեցնել մակույկի կամ ամպի:

Ըստ Կարեն Աղամյանի՝ Զինանշանի փոփոխությունը միայն դրական կանդրադառնա պետության և ժողովրդի վրա, և այն հնարավոր է իրականացնել առանց մեծ ծախսերի: «Արմենպրես»-ի այն դիտարկմանը, որ զինանշանի փոփոխությանը դեմ արտահայտվողները հաճախ պատճառաբանում են, որ դա ենթադրում է ֆինանսական մեծ ծախսեր, Կարեն Աղամյանը պատասխանեց, որ ծախսերը շատ չնչին կարող են լինել, այն էլ միայն պետական կառույցներում զինանշանների փոփոխությամբ պայմանավորված: Իսկ անձնագրերում փոփոխությունը պետք է պարբերական բնույթ կրի. անձնագրի ժամկետը լրանալուց հետո, նոր անձնագիրը յուրաքանչյուր քաղաքացու պետք է տրամադրվի նոր զինանշանով:

«Յուրաքանչյուր ազգ ունի իր խորհրդանիշները, որոնք ազգի ինքնության վավերագրերն են, ինքնատիպության բնորոշիչները, նկարագրի ամենավառ գծերը։ Ակնհայտ է, որ պետական խորհրդանիշների գոյությունը ինքնանպատակ չէ. դրանցից յուրաքանչյուրն ունի մեծ արժեք ու նախապատմություն: Սակայն բացի զինանշանից, մտահոգությունների տեղիք է տալիս նաև ՀՀ մյուս պետական խորհրդանիշը` դրոշը, այսինքն դրոշի գույների այն տարբեր երանգները, որոնք գործածվում են տարբեր հաստատություններում»,- ասաց Աղամյանը:

Կարեն Աղամյանի կարծիքով, այդ խնդիրն առավել հեշտ լուծում ունի. պետք է պարզապես արտադրել արդեն իսկ սահմանված չափորոշիչներով դրոշներ և տրամադրել բոլոր կառույցներին:

ՀՀ մշակույթի նախարարությունում այժմ քննարկվում է պետական խորհրդանիշի փոփոխության հարցը:

Միլենա Մկրտչյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում