Հասարակական

Կառավարության նիստերի դահլիճում հայկական արտադրության համակարգիչներ կգործեն. Փաշինյանը հորդորեց օգտվել հայկական արտադրանքից

2 րոպեի ընթերցում

Կառավարության նիստերի դահլիճում հայկական արտադրության համակարգիչներ կգործեն. Փաշինյանը հորդորեց օգտվել հայկական արտադրանքից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության հուլիսի 4-ի նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց առջև տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ:

«Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ընդ որում ոչ միայն ծրագրային ապահովման, այլև կոնկրետ արտադրանքի իմաստով»,- ասաց Փաշինյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովում ևս պետք է նման փոփոխություն տեղի ունենա: «Պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերել, որպեսզի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ևս տեղադրվեն հայկական արտադրության համակարգիչներ: Մեր երկրի համար շատ կարևոր է, որ Հայաստանում արտադրությունը զարգանա, մենք բոլորս նախապատվությունը պետք է տանք հայկական արտադրությանն ու հայկական արտադրողներին: Ինչպես տեսնում եք՝ այդպիսի հնարավորություն կա»,- նկատեց վարչապետը:

Փաշինյանը կոչ արեց ՀՀ բոլոր քաղաքացիներին գնումներ անելիս նախապատվություն տալ հայկական արտադրությանը: «Դա և հաճելի, և շահավետ, և մեծացնում է տեղական արտադրության ու արտադրողների հնարավորությունները»,- ասաց նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում