Թևան Պողոսյանը Հայաստանի համար ամենակարևոր երկրներ համարում է 4 հարևաններին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյան Հայաստանի համար ամենակարևոր երկրներ է համարում հարևան 4 պետություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Թևան Պողոսյանը նման կարծիք հայտնեց «Քաղաքական խճանկարը Թուրքիայում ընտրություններից հետո. հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները» քննարկման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում ինչո՞ւ են այդքան ուշադրություն կենտրոնացնում Թուրքիայի ներքաղաքական կյանքի զարգացումների վրա: Թևան Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի համար ամենակարևոր պետություններն են հարևաններ Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը:

«Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի ազգային անվտանգության համար մեկ մարտահրավերներն են՝ դրական կամ բացասական նշաններով: Նրանցից մեկի հետ պետք է աշխատել ճանապարհները բացելու տեսանկյունից, մյուսի ճնշումներին դիմակայել, մյուսի հետ զարգացնել հարաբերությունները և այլն: Այն ինչ կատարվում է Թուրքիայում, մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պատմական տեսանկյունից, այլ հարևանության առումով, հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենալու տարածաշրջանում, քանի որ Թուրքիան հանդես է գալիս որպես տարածաշրջանային խոշոր խաղացող: Մենք պետք է տիրապետենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ինչի մաս է հանդիսանում նաև Թուրքիան: Հետևելը Թուրքիային, թե ինչ է կտատարվում այնտեղ՝ տնտեսական, քաղաքական, ռազմական, ազգային տեսանկյուններից, մեզ համար պարտավորություն է և պետք է դառնա համապատասխան պետական մարմինների ուղղակի ամենօրյա աշխատանք»,- ասաց Թևան Պողոսյանը:

Թևան Պողոսյանը շեշտեց, որ Հայաստանը պետք է կարողանա ամեն բան կարգավորել իր օրակագին համապատասխան, մշակի սցենարներ Թուրքիայում տեղի ունենալիք տարբեր զարգացումների պարագայում: «Պարզ է, որ Երբ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք Երևանում կլինեն, նախապես քննարկել է Թուրքիայի հետ: Թուրքիան փորձելու է պայքարել իսլամական աշխարհի «մաչո»-ի կոչման համար: Մենք պետք է հասկանանք, թե ինչ դիրքորոշում ենք ունենալու Թուրքիայի քաղաքականության առումով: Թուրքիան Ռուսաստանի Դաշնության հետ մի օր լավ է, մի օր վատ, պետք է հասկանանք, ոնց անենք, որ այդ ամենը մեր հաշվին չլինի: Նույնն ԱՄՆ-ի հետ է, պետք է հասկանալ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները: Եթե մենք չունենանք մշակված սցենարներ և քայլեր, լինելու ենք պատասխանողի դերում»,-շեշտեց Թևան Պողոսյանը:

Նա հիշեցրեց, թե, որ երկրի նախագահն է ընտրվելու կապակցությամբ առաջինը շնորհավորել Էրդողանին: «Մենք չպետք է մոռանանք, թե ով առաջինը շնորհավորեց Էրդողանին, ինչը նշանակում է, որ ադրբեջանա-թուրքական տանդեմում կարող են նոր զարգացումներ լինել»,-հիշեցրեց Պողոսյանը:

Փորձագետը նշեց, որ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորմանը միտված նախորդ նախաձեռնություններից պետք է դասեր քաղել: «Անցյալում ֆուտբոլային դիվանագիտությունը և այլ շատ նախաձեռնություններ են ձեռնարկվել, սակայն երբ խոսում ենք անցյալի մասին, դրանք պետք է ուսումնասիրության ենթարկվեն համապատասխան մասնագետների կողմից և ծառայեն որպես դասագրքային ուղեցույց, որը թույլ չի տա որպեսզի կրկնվեն անցյալի սխալները»,- ասաց Պողոսյանը:

Անդրադառնալով, թուրքական խորհրդարանում Գարո Փայլանի առկայությանը, Պողոսյանը նշեց, որ դա լավ է, բայց մենք պետք է հույսներս մեզ վրա դնենք:

«Մենք պետք է սովորենք, որ ապրում ենք մի աշխարհում, որտեղ քո շահերը դու ես առաջ տանում: Մենք չպետք է մեծ հույսեր ձևավորենք, որ մեծ հիասթափությունների առջև չկանգնենք: Լավ է, որ Փայլանը թուրքական խորհրդարանում է, բայց պետք չէ մեծ հույեր ունենալ, մենք պետք է մեր շահերի շրջանակը ձևավորենք, որ Թուրքիան ինքը գնա հայ-թուրքական խնդրի կարգավորմանը»,- եզրափակեց Թևան Պողոսյանը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում