Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով ԱԱԾ-ի վերջին գործողությունները իշխանության բարձր վարկանիշի պահպանման համար են
2 րոպեի ընթերցում
![Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով ԱԱԾ-ի վերջին գործողությունները իշխանության բարձր վարկանիշի պահպանման համար են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/06/938962.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այն կարծիքին է, որ մարդկանց ենթագիտակցության մեջ կա այն տեսակետը, որ կոռուպցիան գոյություն ունի, որովհետև անհատներն են վատը ու նրանց հեռացնելով խնդիրը կանհետանա: Քաղաքագետը նման կարծիք հայտնեց հունիսի 26-ին հրավիրված ասուլիսի ընթացքում: «Մեծ հեղափոխությունները հիմնականում կառուցվում են ոչ թե «հանուն», այլ «ըննդեմ» գաղափարախոսության հիման վրա: Իշանության եկողներն ասում են, որ կփոխեն մարդկանց, կպայքարեն կոռուպցիայի դեմ ու ժողովուրդը մտածում է, որ խնդիրն անհատների մեջ է, որոնց փոխելով էլ բոլոր վատ դրսևորումները կվերանան»,- ասում է Իսկանդարյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս իրավիճակում քաղաքագետը զարմանալի չի համարում նախկին իշխանության ներկայացուցիչների ձեռբակալությունները: Դրանք հատուկ են բոլոր թավշյա հեղափոխություններին, որովհետև այդպիսի մասշտաբներ ունեցող փոփոխություններից հասարակության ակնկալիքները շատ մեծ են, որոնք պետք է արդարացվեն: Իսկանդարյանը ԱԱԾ-ի կողմից վերջին բացահայտումներն ու ձերբակալութունների դեպքերը կապում է նաև առաջիկա ընտրությունների հետ:
«Հասարակությունը հեղափոխությունից սպասում է կտրուկ փոփոխություններ, բայց քանի որ դրանց համար երկար ժամանակ է պետք, ապա պետք է ցույց տալ վատ երևույթների դեմ պայքարի վառ օրինակներ, որն էլ այսօր իշխանություններն անում են: Չմոռանանք, որ առջևում ընտրություններ են ու անհրաժեշտ է որոշակի հոգեբանական ազդեցություն պահպանել հասարակության շրջանում»,- նշում է քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանն ընգծում է նաև այն հանգամանքը, որ ուժային կառույցները թիրախավորում են հասարակության շրջանում ազդեցիկ ու բացասաբար ընկալվող անձանց` մատնանշելով գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կալանավորումն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի բերման ենթարկելը: Քաղաքագետն այս ամենը նույնպես հասարակության մոտ բարձր վարկանիշի պահպանմանն ուղղված քայլեր է համարում:
Նորայր Շողիկյան