Սփյուռք

ԱՄՆ կոնգրեսականները հորդորել են պետքարտուղարին աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ կոնգրեսականները հորդորել են պետքարտուղարին աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ 25 կոնգրեսականներ նամակ են հղել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ կոչ անելով աջակցել Հայաստանում դրական քաղաքական զարգացումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին հաղորդել է կոնգրեսական Ջեքի Սփիրի գրասենյակը:

Կոնգրեսականների խոսքով, ժողովրդի աջակցությամբ, խաղաղ ճանապարհով վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանն ունի եզակի հնարավորություն «վերափոխելու Հայաստանի քաղաքական, կառավարական, տնտեսական դաշտը եւ Հայաստանի ողջ բնույթը»:

«Այս հնարավորությունն իր մեջ սակայն զգալի ռիսկեր է պարունակում, եւ մենք կարող ենք նվազեցնել այդ ռիսկերը՝ օգնելով ամրապնդել Հայաստանի քաղաքական եւ քաղաքացիական հաստատությունները, աջակցելով Հայաստանի կողմից ընտրված քաղաքական առաջնահերթությունների իրականացմանը», - նշված է նամակում: Կոնգրեսականների կարծիքով՝ ԱՄՆ-ի օգնությունը հատկապես էական է անցումային շրջանում, երբ կառավարությունն ու քաղաքացիները միասին փորձում են հաղթահարել կոռուպցիոն անցյալը:

Միացյալ Նահանգների օրենսդիրները կոչ են անում պետքարտուղարին զգալի ավելացնել Հայաստանին հատկացվող օգնությունը եւ օգնել երկրին պայքարել կոռուպցիայի դեմ: Նամակը ստորագրած 25 կոնգրեսականների թվում են Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահներ Ջեքի Սփիրն ու Ֆրենք Փալոնը, ինչպես նաեւ մի շարք ազդեցիկ կոնգրեսականներ, այդ թվում՝ Ադամ Շիֆն ու Էլիոթ Էնգելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում