Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու բերքահավաքի և քաղաքաշինական որոշ ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Զեկուցմամբ հանդես է եկել գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, ով, մասնավորապես, ներկայացրել է հանրապետությունում իրականացվող հնձի աշխատանքները՝ նշելով, որ արդեն 5500 հա-ի վրա կատարվել են բերքահավաքի աշխատանքներ, որի միջին բերքատվությունը կազմել է 20ց.: Անձրևային եղանակների հետ կապված՝ այն վերջին օրերին որոշ չափով դանդաղել է: Գյուղնախարարի խոսքով՝ հացահատիկահավաք կոմբայնների մասով, ընդհանուր առմամբ, խնդիրներ չկան, իսկ բերքի մթերումն իրականացվում է հիմնականում «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի պահեստներում: Անդրադառնալով վերջին շրջանում հանրապետությունում գրանցված կարկտահարության դեպքերին՝ Ժ. Միրզոյանը նշել է, որ նախնական հաշվարկներով գրեթե ամբողջությամբ տուժել է շուրջ 7500 հա ցանքատարածություն­: Պետնախարար Մարտիրոսյանը գյուղատնտեսական իրավիճակով հետաքրքրվել է նաև շրջվարչակազմերի ղեկավարներից՝ ովքեր առանձին-առանձին հանդես են եկել տեղերում կատարվող աշխատանքների մասին զեկույցներով:

Բավարար գնահատելով իրականացվող աշխատանքները՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ կարկտահարությունից տուժած ցանքատարածքների համար հողօգտագործողներին կտրվի պետական աջակցություն: Այդ շրջանակում նրանք կազատվեն նաև հողի վարձավճարից և հարկերից:

Այնուհետև քննարկվել է «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի կողմից ցորենի մթերման այս տարվա գնային քաղաքականությունը:

Խորհրդակցության օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր քաղաքաշինության ոլորտին: Առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը: Նախարարի ներկայացմամբ՝ պլանավորված 4 մլրդ 936 մլն դրամի ծրագիրը գերակատարվել է, և արդեն իրականացվել է 5 մլրդ 500 մլն դրամի աշխատանք, որի գերակշիռ մասը ֆինանսավորվել է:

Պետնախարարը կարևորել է իրականացված աշխատանքի ծավալն՝ ընդգծելով, որ կառավարությունը ժամանակին կատարելու է իր ստանձնած պարտավորությունները:­ Նրա խոսքով՝ հաշվի առնելով վերջին շրջանում արձանագրված կարկտահարության և սելավների հանգամանքը՝ որոշում է կայացվել 25-30 տոկոսով ավելացնել շրջվարչակազմերի ենթակայության տակ գտնվող շինարարական կազմակերպությունների ֆինանսական ռեսուրսները, որպեսզի օպերատիվ կերպով լուծվեն տեղերում առաջացած խնդիրները:

Գ. Մարտիրոսյանը հանձնարարել է խորհրդակցությանը ներկա ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանին քննարկված բոլոր ծրագրերի ֆինանսավորումն իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:

Տեղեկացնենք, որ այսուհետ Գրիգորի Մարտիրոսյանի գործունեությանը կարող եք հետևել նաև նորաբաց ֆեյսբուքյան էջի միջոցով»:

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը