ՀՀ կառավարության առաջնահերթ քայլն արտահերթ ընտրություններ անցկացնելն է. Արսեն Ղազարյանը՝ բիզնես սպասումների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նոր կառավարության առաջնահերթ քայլը պետք է լինի արտահերթ ընտրություններ անցկացնելը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Շուտափույթ ընտրություններով պետք է քաղաքական դաշտի իրական պատկերն արտահայտվի Ազգային ժողովում: Դա շատ կարևոր է, որովհետև բիզնես հանրությունը սպասումների փուլում է: Դրանից բացի, գործադրի առաջնային խնդիրներից պետք է լինի նաև իր հռչակած կարգախոսները որպես նպատակ իրականություն դարձնելը»,- ասաց Արսեն Ղազարյանը:

Թեպետ նոր կառավարության գործունեության մեկնարկից կարճ ժամանակ է անցել, սակայն Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահը նշեց, որ արդեն որոշ ուղղություններում դրական ազդակներ կան: Նրա խոսքով, մի խումբ գործարարների ու վարչապետի հանդիպմանը, նա նշել է, որ այն փոփոխությունները, որոնք արդեն վարչարարության մեջ նկատվում են, շատ ողջունելի են: Մասնավորապես փոփոխությունները մաքսազերծումների գործընթացում, հարկային ոլորտում, ստվերային դաշտում գտնվող որոշ գործարարների 180 աստիճանով շտկվելը և փաստաթղթային շրջանառությամբ աշխատելը:

«Բիզնեսի կողմից սեփական գործունեությունը սրբագրելու, շտկելու գործընթաց նկատվում է: Միտումը կա, թե ինչ արդյունքների կհասնենք, կախված է և՛ գործարարներից, որ հավատան որակական փոփոխությունների անդառնալիությանը, և՛ նաև կառավարիչներից, որ այսօրվա հռչակած քաղաքականությունը պրակտիկ վարչարարության մեջ չխաթարվի: Գործարարությունն ուղղակի սպասում է, որ այս փոփոխությունները լինեն մնայուն, անդառնալի, այդ դեպքում կակնկալենք այն արդյունքները որոնք հեղափոխական են: Այն է՝ ստվերի կրճատում, բյուջեի մուտքերի կտրուկ ավելացում, հավասար մրցակցային դաշտ, խտրականությունների, արհեստածին մենաշնորհների ի սպառ վերացում: Մենք այդ դրական սպասումների մեջ ենք»,-ասաց Արսեն Ղազարյանը:

Անդրադառնալով ներդրումներն ակտիվացնելու հնարավորություններին՝ Արսեն Ղազարյանը նշեց, որ դրսից ներդրումների ներգրավման հիմնական նախապայմանը ներսի ներդրումների ակտիվացումն է:

«Մենք պետք է ներսում ակտիվանանք, որ օտարերկրյա ներդրողը վստահություն ունենա: Ես համոզմունք ունեմ, որ եթե հավասար մրցակցային դաշտի աստիճանը բարձրացնենք, ապա և՛ ներսի, և՛ դրսի ներդրումների ակտիվացում կունենաք: Հիմնական պայմանը բիզնեսի աշխուժացման հավասար մրցակցային դաշտն է, խտրականության բացակայությունը»,-ասաց Արսեն Ղազարյանն՝ ընդգծելով, որ դրական ազդակները կան, մնում է այս ամենը պահպանվի, շարունակական լինի:

Մայիսի 8-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը, նա ձևավորել է կառավարություն: Նոր կառավարությունը հունիսի 1-ին հաստատել է ծրագիրը, ապա ներկայացրել ԱԺ, որը այն կքննարկի հունիսի 7-ին: Ծրագրի առաջնային դրույթներից է մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ