Տնտեսություն

«Բարև, Թրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրի կամավորների առաջին խումբն ավարտել է իր աշխատանքը

3 րոպեի ընթերցում

«Բարև, Թրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրի կամավորների առաջին խումբն ավարտել է իր աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարև, Թրեյլզ» էկոտուրիզմի զարգացման ծրագրին, որը նախաձեռնել են «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը» (WWF Հայաստան) և Շվեյցարիայի «Վեսսեր» հիմնադրամը, մայիսի 19-26-ը մասնակցել է 35 կամավոր Հայաստանից ու եվրոպական տարբեր երկրներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի իրականացմանն աջակցել է «Արահետներ հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը։

Սա եռամյա ծրագրի առաջին փուլն է, որի շրջանակում «Պլանավորված Տաթև ազգային պարկ»-ում կատարվել են հետևյալ աշխատանքները՝

- բարեկարգվել է «Տանձատափ»-«Սատանի կամուրջ» արահետը,

- ստեղծվել է 2 կամուրջ, որոնցից մեկը՝ «Տաթևի Մեծ Անապատ» վանք տանող ճանապարհին, որի բացակայությունը նախկինում դժվարություններ էր առաջացնում վանք այցելող զբոսաշրջիկների համար,

- արահետի տարածքում տեղադրվել է բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև պատմամշակութային վայրերը ներկայացնող տեղեկատվական 17 ցուցանակ,

- արահետի գլխամասերում տեղադրվել է տեղեկատվական 2 կրպակ, որոնք այցելուներին ներկայացնում են արահետի մասին համապարփակ տեղեկատվություն,

- իրականացվել է արահետի ամբողջական գծանշում,

- արահետի դժվարանցանելի մասերում իրականացվել են բարեկարգման աշխատանքներ՝ հասանելիությունը և անվտանգությունը բարձրացնելու նպատակով,

- մաքրվել են «Սատանի կամուրջ» տանող ճանապարհի պատերի գրառումները:

Կատարված աշխատանքներից բացի, կամավորներն այցելել են մի շարք պատմամշակութային վայրեր, բնության հուշարձաններ՝ ծանոթանալով հայկական մշակույթի և բնաշխարհի հետ։

Ծրագրի նպատակներն են Հարավային Հայաստանի պահպանվող տարածքներում («Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ», «Պլանավորվող Տաթև ազգային պարկ» և «Զանգեզուր կենսոլորտային համալիր») էկոտուրիզմի ենթակառուցվածքների բարելավումը և ընդհանուր առմամբ Հայաստանի ճանաչելիության բարձրացումը որպես էկոտուրիզմի համար նպաստավոր երկիր:Կամավորների երկրորդ խումբը Հայաստան կժամանի այս տարի աշնանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում