Տեղի ունեցավ «Հարսանիք թիկունքում» ներկայացման առաջնախաղը
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մայիսի 30-ին տեղի ունեցավ Անահիտ Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» ներկայացման առաջնախաղը։
Երկու գործողությամբ դրաման նվիրված է Ապրիլյան քառօրյայի հերոսներին: Ներկայացման ռեժիսորն է Լյուդվիգ Հարությունյանը, նկարչական ձևավորումն իրականացրել է Գարեգին Եվանգուլյանը, զգեստների ձևավորումը Լուսինե Խաչատրյանը, իսկ երաժշտական ձեւավորումը՝ երգիչ, կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը (Հայկո): Երաժշտությունը գրվել է հատուկ այս ներկայացման համար: Թատերական ներկայացման համար երաժշտություն գրելու կոմպոզիտորի առաջին փորձն էր սա, բայց հանդիսատեսի ընդունելությունն ավելի քան խոսուն էր: Բեմում Էին ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Անահիտ Քոչարյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանը, Նառա Սանթոյանը, Դիանա Մացոյանը, Արկադի Ղարագուլյանը, փորձառու դերասանների կողքին երիտասարդներն էին Տարոն Գրիգորյանը, Ջեմմա Ադամյանը, Մանե Մխոյանը, այլք: Թեև քառօրյա պատերազմի հերոսների մասին ներկայացում բեմադրելու գաղափարը ծնվել է Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ու Անուշի սիրո պատմությունը հիմք ունենալով, սակայն բեմադրության հեղինակը մասնավոր այդ դեպքի շրջանակն ավելի է մեծացրել:
Մինչ սահմանագծում պատերազմ էր, իրադրությունից անտեղյակ Գյումրիի՝ ընտանիքներից մեկում հարսանիք էր: Այնտեղ, որտեղ ավարտվում է կյանքը, սկիզբ է առնում մեկ ուրիշ կյանք: Ինչպես ներկայացումից առաջ լրագրողներին ասաց Անահիտ Աղասարյանը՝ ներկայացումը ապրելու ու չկոտրվելու մասին է: Առաջնախաղին ներկա էին նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսների հարազատները:
Արմենուհի Մխոյան