ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վրաստան այցից և այդ երկրի մեսիջներից հետո պարզ կդառնա՝ պատրա՞ստ են, արդյոք, Հայաստանի հետ հարաբերություները խորացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի օրակարգը հագեցած է լինելու: Իմ տեղեկությամբ, հնարավոր է, որ նա այցելի նաև Ջավախք: Դա շատ կարևոր մեսիջ կլինի: Կարելի է սպասել, որ վարչապետի այցից հետո որոշ քայլեր կարվեն: Շատ կարևոր է Վրաստանի մեսիջը, թե ինչքանով են ընկալվել Հայաստանի նախագահի ասածները: Դրանից հետո կարելի է ասել՝ Թբիլիսին իրո՞ք պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման, թե ոչ»,-ասաց Մելիքյանն ու հավելեց, որ Վրաստանը որոշակի «կարմիր գծեր» ունի՝ կապված հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններին:
Հայաստանի հետ հարաբերությունների ավելի խորացումը որոշ փոփոխություններ կբերի նաև հարևան մյուս երկրների հետ հարաբերություններում:
Վրացագետի կարծիքով՝ վերջին մեկուկես ամսվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած իրադարձություներին, իշխանափոխությանը մեծ հետաքրքրությամբ հետևում էին Վրաստանում, լրատվամիջոցները ներկայացված էին գրեթե բոլոր օրերին: «Իմ կարծիքով, որոշ ընկալումների փոփոխություն է տեղի ունեցել: Այս իշխանությունների նկատմամբ մեկ այլ մոտեցում կա»,-եզրափակեց նա:
Մայիսի 30-31-ը կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցելությունը Վրաստան: