Նիկոլ Փաշինյանը շեշտադրեց Ղրղզստանի հետ տնտեսական կապերն ամրապնդելու պատրաստակամության մասին
3 րոպեի ընթերցում
ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դրական ու կառուցողական է տրամադրված Ղրղզստանի հետ աշխատանքին ոչ միայն ԵԱՏՄ շրջանակում, այլև երկկողմ ձևաչափում։ Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի նախագահ Սոորոնբեյ Ժեենբեկովի հետ Սոչիում կայացած հանդիպմանը։
«Մենք ավանդաբար ունեցել ենք ջերմ հարաբերություններ, և ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները ոչ միայն կշարունակեն այդպիսին լինել, այլև կզարգանան։ Ես ցավում եմ, որ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններն ամբողջությամբ չեն արտացոլում տնտեսական կապերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ դրա համար կան օբյեկտիվ խնդիրներ, մասնավորապես, երկու երկրների միջև հեռավորությունը, բայց 21-րդ դարում, ըստ ՀՀ վարչապետի, դա չի կարող տնտեսական կապերի զարգացման խոչընդոտ հանդիսանալ։ «Մենք տրամադրված ենք էներգետիկ, դրական աշխատանքի ու բոլոր ջանքերն ենք գործադրելու, որ մեր երկկողմ հարաբերությունները զարգանան արագ տեմպով»,-ավելացրեց Փաշինյանը։
Ղրղզստանի նախագահն էլ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ։ «Մենք պատրաստ ենք մեր նպաստը բերել այդ հարցում»,-ասաց Սոորոնբեյ Շարպի Ժեենբեկովը։
Րոպեներ հետո կմեկնարկի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մինչ նիստը վարչապետը հանդիպումներ է ունեցել Մոլդովայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի նախագահների հետ։ Ղազախստանի նախագահի հետ հանդիպում, ըստ օրակարգի, նախատեսված չէ։
Սոչիում մայիսի 14-ին նախատեսված է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, որն անդամ-պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է 2018-ին։ Բարձրագույն խորհուրդը միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Եվրասիական տնտեսական միությունը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից, ինտեգրացիոն կառույցի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։
Աշխատանքները կմեկնարկեն խմբակային լուսանկարով, որից հետո տեղի կունենան նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը։
Անի Նազարյան