Արտահերթ ընտրությունները կարող են ավարտին հասցնել քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը. քաղաքագետ

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են ավարտին հասցնել ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանն՝ անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին:

-Պարոն Քեռյան, ի՞նչ տեղի ունեցավ մայիսի 1-ից հետո: Ըստ ձեզ, ի՞նչ հանգամանքներից ելնելով խորհրդարանական մեծամասնությունն ընդառաջ քայլի գնաց վարչապետի ընտրության երկրորդ փուլում:

-Հարցին ճիշտ պատասխանելու համար նախ պետք է ասել ինչ տեղի ունեցավ մայիսի մեկին: Մայիսի մեկին խորհրդարանի հանրապետական մեծամասնությունը դեռևս հոգեբանորեն պատրաստ չէր կողմ քվեարկելու փոքրամասնության թեկնածուի օգտին: Ժողովրդի թեկնածու հասկացությունը ընդհանրապես լուրջ չէր ընկալվում և նրանց թվում էր, որ որոշակի ժամանակի ընթացքում շարժումը կարող է մարել: Բացի այդ, մենք գիտենք, որ մայիսի մեկին նախորդող գիշերը Հանրապետական կուսակցության ղեկավարության փակ խորհրդակցությունում որոշվել էր դեմ քվեարկել: Իհարկե, լիովին պարզ չէ այդ որոշման բոլոր դրդապատճառները, բայց հավանական է, որ դա արված լինի անվտանգային-արտաքին քաղաքական ճշտումներ անելու նպատակով: Բացառված չէ նաև Փաշինյանի քաղաքական ազդեցության ուժի փորձարկման վարկածը: Դեմ քվեարկելուց հետո տեսնել հասարակական արձագանքման ուժգնությունն ու ընդգրկման ծավալները: Մայիսի մեկից ութն ընկած հատվածում բողոքական շարժումը, որի կարգախոսն արդեն ուղղված էր ՀՀԿ-ի դեմ, այլևս ընտրության տեղ չթողեց:

-Մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունն ունեցավ նոր վարչապետ: Ըստ ձեզ, որը պետք է լինի այս ներքաղաքական պայմաններում վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի անելիքը:

-Երկու կարևորագույն խնդիր պետք է լուծի նոր վարչապետը. Կառավարության կազմում և նրա ծրագրի հաստատում, որպես մոտակա անելիք և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, որպես առաջիկա ժամանակի կարևորագույն քայլ: Երկուսն էլ գերբարդ անելիքներ են: Կառավարության կազմ և ծրագիր հաստատել մի խորհրդարանում, որտեղ չունես քաղաքական մեծամասնություն: Այս առումով կարելի է սպասել ցանկացած անակնկալ սցենարի: Արտահերթ ընտրությունները նույնպես կարող են մեծ դժվարությունների հանդիպել: Եթե դրանք անցկացվեն ներկա խորհրդարանի կողմից կառավարության կազմի ու ծրագրի մերժման հետևանքով մոտ 45 օր հետո, գործող ընտրական օրենսգիրքը կարող է լուրջ անակնկալներ մատուցել իր ռեյտինգային ընտրակարգով:

Իսկ եթե դրանք անցկացվեն ավելի ուշ՝ մինչև կփոխվի ընտրական օրենսգիրք, այդ ընթացքում կլինի անտրամաբանական իրավիճակ, երբ ընդդիմադիր ՀՀԿ-ն մեծամասնություն է ԵԼՔ-Ծառուկյան դաշինք-ՀՅԴ կոալիցիայի նկատմամբ: Կառավարության աշխատանքը կընթանա բավականին դժվար պայմաններում:

-Այսինքն՝ այս փուլում արտահերթ ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն է:

-Նորից շեշտեմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են ավարտին հասցնել ներկա քաղաքական ճգնաժամի հանգուցալուծումը: Խորհրդարանական կառավարման պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունները հրամայական պահանջ են, եթե առկա է խորհրդարանի լեգիտիմության ճգնաժամ: Բացի այդ, վտանգավոր է քաղաքական կայունության պահպանման առումով, եթե օրենսդիր և գործադիր իշխանության մարմինները գտնվում են հակառակորդ քաղաքական ուժերի ձեռքում:

-Այսօր խոսվում է համաձայնության կառավարություն ձևավորելու մասին: Ձեր կարծիքով ինչպիսի՞ քայլ է դա, և նման կառավարությունն ի՞նչ խնդիր կլուծի:

-ՀՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումից ելնելով կարելի է եզրակացնել, որ նա գործադիր իշխանության մեջ Փաշինյանի վարչապետությամբ իրեն բացառում է: Մյուս երկու քաղաքական ուժերը՝ Ծառուկյան դաշինք-ՀՅԴ հնարավոր է մտնեն կոալիցիոն կառավարության մեջ, բայց այստեղ պետք է ենթադրել, որ դա ավելի շատ նպատակադրված կլինի վարչական ռեսուրսի կուտակմանը ապագա արտահերթ ընտրություններում և ոչ թե Փաշինյանի ծրագրերի իրականացմանը:

-Այս օրերին շատ է խոսվում միջազգային հարթակում Հայաստանի վարկանիշի բարձրացման մասին: Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան իրադարձություններին միջազգային հանրության արձագանքը: Եվ, ըստ ձեզ, այս ձեռքբերումն ինչպե՞ս կարելի է օգտագործել քաղաքական կամ այլ ոլորտներում:

-Միջազգային վարկանիշի բարձրացումը միանշանակ չպետք է ընկալել: Արևմտյան ժողովրդավար պետությունների մոտ Հայաստանի վարկանիշն, անշուշտ, բարձրացել է, որովհետև քաղաքական ճգնաժամի հաղթահարումը և քաղաքացիական բախումներից խուսափելն, անշուշտ, վկայում է դեմոկրատիայի որոշակի աստիճանի և քաղաքացիական հասարակության առկայության մասին: Բայց այս իրողությունները, կարծում եմ, որ հետխորհրդային ավտորիտար վարչակարգեր ունեցող պետությունների քաղաքական էլիտաների սրտով չէ, կա նրանց մոտ մտավախություն նմանատիպ շարժումների վարակիչ օրինակի առումով: Այսինքն՝ նայած ով ինչ պրիզմայով է նայում հայկական հեղափոխությանը: Այս իրողությունը բնականաբար ազդում է նաև միջպետական հարաբերությունների դրվածքի վրա: Հուսադրող է առայժմ Պուտինի և նրա շրջապատի բարձրաստիճան այրերի քաղաքական չեզոք և անկողմնակալ դիրքորոշումը և Հայաստանում նոր վարչապետին հղված շնորհավորանքները: Իսկ թե ինչպես կարելի է օգտագործել վարկանիշի բարձրացումը միջազգային հարթակներում դա արդեն դիվանագիտական հմտությունների կիրառման, ճկունության և վարպետության հարց է:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը