Սփյուռքը պետք է շարունակի նպաստել Հայաստանի հզորացմանը.Մուրադ Փափազյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած զարգացումները թե միջազգային մամուլում, թե քաղաքական, փորձագիտական դաշտում ներկայացվեցին դրական լույսի ներքո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ դա մեծ ազդեցություն կունենա Հայաստանի վարկանիշի վրա:

-Պարոն Փափազյան, այս օրերին Սփյուռքը ևս հետևում էր հայաստանյան զարգացումներին: Դուք, որպես Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչ, կխնդրեմ ներկայացնել Հայաստանի իրադարձությունների վերաբերյալ ձեր գնահատականը:

-Նախ պետք է գնահատել Հայաստանի ժողովրդի հաջողությունը: Հեղափոխությունը տեղի ունեցավ խաղաղ մթնոլորտում, և պետք է գնահատել թե ցուցարարների, թե ոստիկանների պահվածքը: Բոլոր կողմերում ընդհանուր հասկացողություն կար, որ տեղի ունեցող զարգացումը խաղաղ մթնոլորտում պետք է իրականացվի: Մենք ուշադրությամբ հետևում էինք զարգացումներին: Պետք է ասեմ, որ մենք տարբեր առիթներով բազմիցս ենք ասել, որ փոփոխություններ են անհրաժեշտ, և համոզված էինք, որ դրանք համակարգի ներսից կարող են արվել: Թերևս դա էր պատճառը, որ Դաշնակցությունը կոալիցիա կազմեց: Բայց մենք այս օրերին տեսանք, որ հնարավոր եղավ փոփոխություն անել նաև դրսից: Այս փուլում պետք է շարժման հաջողությունն արձանագրել, սակայն պետք է հասկանալ, որ գործընթացը չի ավարտում: Շարունակությունը պետք է փաստի, որ այս ժողովուրդը փոփոխության իրավունք ունի: Հիմա ամենադժվար շրջանն է սկսվում:

-Սփյուռքը բոլոր տարիներին եղել է Հայաստանի կողքին, մշտապես տարբեր ձևաչափով աջակցություն է ցուցաբերել: Նոր քաղաքական իրողությունների պայմաններում, նոր իշխանության դեպքում Սփյուռքի աջակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում, ո՞ր ուղղություններով պետք է այն լինի:

-Բոլորս մի սկզբունք պետք է ունենանք, այն է՝ Հայաստանը պետություն է և պետք է կանգնենք պետության կողքին: Կարող են կառավարությունները փոխվել, սակայն պետությունը պետք է մնա: Եվ Սփյուռքը պետք է պետության հետ ունենա կառուցողական, գործնական հարաբերություններ: Հետևաբար` նոր քաղաքական իրողությունների պայմաններում Սփյուռքը պետք է շարունակի նպաստել Հայաստանի հզորացմանը, ամրապնդի միջնորդությունը Հայաստանի և այլ երկրների հետ: Ես Ֆրանսիայի օրինակով ասեմ, տեղի հայ համայնքը լուրջ դեր խաղաց, որ Ֆրանսիան համակրանք ունենա Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ: Հայաստանի հաջողությունն այն է, որ ունի կազմակերպված և զորավոր Սփյուռք: Այն ապրում է Հայաստանով, Հայաստանի ապահովությամբ և հաջողությամբ, սա է մեր նպատակը: Սփյուռքի դերն այն է, որ դրսից զորացնի Հայաստանը: Գիտեք որ Հայաստանը դրսից բավական վտանգներ ունի, հետևաբար Սփյուռքն իր կապերով պետք է ամրապնդի Հայաստանի դիրքերը: Հայաստանն էլ պետք է հասկանա, որ Սփյուռքն էլ զորակցության կարիք ունի:

-Պարզապես այս օրերին նշվում է, որ եթե նոր իշխանություն լինի, ու նոր կառավարությանը հաջողվի այնպես անել, որ տնտեսական դաշտը բարելավվի, ապա Սփյուռքից ներդրումների հոսք կլինի: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Իհարկե, եթե իրավական ապահովություն լինի, ներդրումները քաջալերվեն, Սփյուռքի համար հստակ լինի, թե Հայաստանն ուր է գնում, ինչ գաղափարախոսությամբ է առաջ շարժվում, անշուշտ ներդրումներ կլինեն: Նոր իշխանությունները պետք է արագ ներկայացնեն ուղղությունը, թե ուր են ուզում գնալ, ում հետ, ինչ մթնոլորտում: Հույս կա, որ Հայաստանում լուրջ փոփոխություններ կարող են լինել, սակայն կա մտահոգություն, չգիտենք թե Նիկոլ Փաշինյանը որ ուղղությամբ է ուզում գնալ, ինչ ծրագրով: Բոլորն էլ ուզում են իմանալ, թե որն է նոր իշխանության ծրագիրը սոցիալական, տնտեսական, արտաքին քաղաքական ուղղություններով: Հիմա նորմալ է, որ այդ ամենին վերաբերող հարցերի պատասխանները չկան, սակայն կարծում եմ, որ առաջիկայում կարճ ժամկետում պետք է ներկայացվի ծրագիրը:

Լավ կլինի, որ խորհրդարանական ուժերի հետ համաձայնեցված կառավարություն ձևավորվի, բոլորով այդ կառավարության ծրագրի մշակման գործում ներգրավվեն: Այսինքն՝ միասնականորեն կառավարվի երկիրը, և միասնականորեն Սփյուռքը հավաքվի Հայաստանի շուրջ:

-Շատ խոսվեց թե միջազգային մամուլում, թե փորձագիտական, քաղաքական դաշտում հայաստանյան իրադարձությունների արձագանքի մասին: Արդյո՞ք հետևել եք, ինչպե՞ս կգնահատեք:

-Հայաստանը ներկայացվում էր շատ դրական ձևով: Միջազգային հանրությունը տեսավ, որ Հայաստանում հեղափոխությունը կատարվեց խաղաղ մթնոլորտում: Այն շատ տարբեր է արաբական գարուններից և այլ երկրների իրադարձություններից: Սա շատ կարևոր է, փաստն այն է, որ տեղի ունեցավ կրթված հեղափոխություն: Կար խանդավառություն, խոսվում էր այն մասին, որ օրինակելի հեղափոխություն է: Ամեն դեպքում այն կարծիքին եմ, որ պետք է տեղեկություն տալ այն մասին, թե Հայաստանն ինչ ուղղությամբ է առաջ գնալու: Տարբեր երկրների կառավարությունները սպասում են:

-Պարոն Փափազյան, Ֆրանսիայի հայ համայնքի օրակարգում առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան:

-Ինչպես գիտեք, առաջին տարին է, որ Էմանուել Մակրոնը նախագահ դարձավ, մենք ձեռնամուխ ենք եղել նոր հարաբերությունների մշակմանը: Այսօր կարող եմ ասել, որ հայ համայնքի և իշխանությունների միջև բարձր մակարդակի հարաբերություններ կան: Ինչպես գիտեք, նախագահը խոստացավ, որ ցեղասպանության օրը կներառվի հանրապետության պաշտոնական օրացույցում, դրանից բացի, Հայոց ցեղասպանության ժխտողականության օրինագիծը նորից կքննվի: Մենք շեշտը դրեցինք նաև ղարաբաղյան հարցի, Էրդողանի ռեժիմի վարած քաղաքականության վրա:

Բավական լավատես ենք, մեր պահանջները լսելի դարձրեցինք, դրանք արագ ընդունվեցին, իշխանությունների կողմից կարևորվեցին: Առաջիկայում ունենք երկու կարևոր իրադարձություն՝ Առաջին հանրապետության 100-ամյակը, Հայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որոնց շրջանակում սպասվում է Ֆրանսիայից բարձրաստիճան պաշտոնյաների այց Հայաստան:

Աննա Գզիրյան

Հայերեն English Русский

Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո

Որևէ մեկը ձայնագրությունը կասկածի տակ չի դրել ու չի պահանջել փորձաքննություն․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Իրականության հետ որևէ կապ չունի․ Հակակոռուպցիոն կոմիտեն բոլոր քաղաքացիներին գաղտնալսելու մասին

ՍԴՀԿ Կենտրոնական Վարչությունն ընտրությունների կապակցությամբ շնորհավորել է ՀՀ բոլոր քաղաքացիներին

Արփունքում 2018-2025 թվականներին իրականացված սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր համար հատկացվել է 1 մլրդ 425 մլն 957 հազար դրամ

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը