Հայկական կարպետը և գոբելենը ներկայացվեցին մեկ հարթակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թափառող պատեր. կարպետի և գոբելենի արվեստի փոխանցումը սերունդներին» խորագրով ցուցահանդեսում ներկայացված էին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների, Փ. Թերլեմեզյանի գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտների և մի քանի նկարիչների 5 տասնյակից ավելի աշխատանքներ:

Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մայիսի 5-ին Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում:

«Ֆրանսիացի ճարտարապետ Լե Կորբյուզեն գոբելենն անվանել է թափառող պատեր, քանի որ այն կարելի է տեղաշարժել և տարբեր կերպ ներկայացնել: Այս ցուցահանդեսով ցանկանում ենք ցույց տալ, որ անպայման չէ մեկ ինտերիերում օգտագործել գոբելենը, հիշեցնել, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք ստեղծագործում են այս ժանրում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նկարչուհի, ցուցահանդեսի համադրող Հասմիկ Ղազարյանը:

Նա շեշտեց, որ սիրով է գոբելեն ստեղծում և անում ամեն հնարավորը, որ այդ աշխատանքը լինի ստեղծագործական և չվերածվի մեխանիկական գեղանկարչական պատճենի: Ղազարյանը հավելեց, որ ցանկանում է` մարդիկ չմոռանան գոբելենի մասին, ուստի պարբերաբար ցուցահանդեսներ է կազմակերպում:

Փ. Թերլեմեզյանի գեղարվեստի պետական քոլեջի ուսանողուհի Արուսյակ Մինասյանն ասաց, որ գոբելենն իրեն շատ է հետաքրքրում: «Այն հայկական մշակույթի մի մասն է, և ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ գոբելեն կերտել: Իմ աշխատանքը վերնագրված է «Աշնան սոնետ», որն արտահայտում է տարվա այս գեղեցիկ եղանակը: Դեկորատիվ ոճում է. փորձել եմ ներկայացնել վառ գույները, տերևաթափը»,-պատմեց Արուսյանը:

Նա խոստովանեց, որ սա իր առաջին մեծ աշխատանքն է, որը ներկայացվում է ցուցահանդեսում:

«Այստեղ ցուցադրված գործն իմ դիպլոմային աշխատանքն է և կոչվում է «Ժան Լյուրսայի արձագանքը. տիեզերք»: Պատկերված են ջուրը, հողը, երկինքը: Ինձ ոգևորում է տիեզերքը, վառ գույները: Լյուրսան դրական մտածող գոբելենագործ է, և ես շատ եմ հավանում նրա ստեղծագործությունները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել իմ այս գործի վրա»,-խոստովանեց Փ. Թերլեմեզյանի գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտ Վալյա Բաբաջանյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի նաև «Թանգարանների գիշեր» ծրագրի ընթացքում:

Հայերեն