Քաղաքականություն

ԱԺ երեք խմբակցություններ ստորագրահավաք են սկսել վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար

5 րոպեի ընթերցում

ԱԺ երեք խմբակցություններ ստորագրահավաք են սկսել վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու աշխատանքները խորհրդարանում ընթացքի մեջ են. «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները հավաքում են անհրաժեշտ 35 ստորագրությունները Փաշինյանի թեկնածությունն առաջադրելու համար: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Աշխատանքներն ընթացքի մեջ են: Երեք խմբակցություններում ստորագրություններ են հավաքվում: Կարծում եմ այսօր կամ վաղը մենք կառաջադրենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Միրզոյանը:

Անդրադառնալով մայիսի 1-ին ՀՀ վարչապետի ընտրության քվեարկությանը, որի ընթացքում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը կողմ էր քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ մեծագույն հարգանք է տածում Ֆելիքս Ցոլակյանի նկատմամբ. հարգանքը եղել է նաև մինչ այդ քվեարկությունը: «Ես բազմաթիվ դրական կարծիքներ եմ լսել նրա մասին՝ որպես մարդ, որպես պրոֆեսիոնալ: Իսկապես կա այդ հարգանքը իր նկատմամբ»,- ասաց Միրզոյանը:

Խոսելով Փաշինյանի ընտրվելու դեպքում ապագա կառավարության կազմում Ֆելիքս Ցոլակյանին Ազգային անվտանգության ծառայության պետի պաշտոնում նշանակելու առաջարկների մասին՝ Միրզոյանն ընդգծեց, որ նման առաջարկներ եղել են: «Մենք ասել ենք, որ ցանկացած հիմնավոր, ծրագրային առաջարկ, թեկնածություն մենք դիտարկում ենք: Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպում չի եղել, և ես կարծում եմ, որ այդ քվեարկությունից հետո հանդիպել և նրա հետ քննարկել այդ հնարավորությունը, որի մասին խոսում եք, անհարգալից կլիներ և իր, և մեր նկատմամբ: Այս գործընթացում պաշտոնների սակարկություն, քվեարկելու դիմաց պաշտոն ստանալու հարց չկա»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ հավանական կադրեր կան, որոնք կարող են լինել ապագա կառավարության կազմում, Միրզոյանը պատասխանեց. «Շատ հավանական կադրեր կան, որոնց անունները ես այս պահին չեմ բարձրաձայնի: Ես ասել եմ, որ որևէ ազնիվ և պրոֆեսիոնալ անձ չպիտի անհանգստանա այն մասին, թե ինչ է լինելու իր հետ: Մարդիկ, ովքեր կարող են նպաստ բերել Հայաստանի զարգացմանը այն քաղաքականության շրջանակներում, որը մենք ունենք և առաջարկելու ենք, այդ մարդիկ շարունակելու են աշխատել»,- ասաց նա:

Անդրադառնալով ապագայում «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հավանականությանը՝ Միրզոյանն ընդգծեց, որ իրենք համերաշխության կոչ են արել, ասել են, որ ամեն ինչ թափանցիկ է ու հրապարակային և որևէ սակարկություն չկա: «Ի պատիվ «Ծառուկյան» դաշինքի, ի պատիվ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչների, ի պատիվ «Ելք» խմբակցության՝ այս ուղերձները բոլորը շատ լավ հասկանում են, բոլորը ուրախ են այն գործընթացներով, որ տեղի է ունենում: Որևէ պաշտոնի քննարկում, որևէ սակարկություն, որևէ այդպիսի քննարկում մինչ այս պահը չի եղել, չկա այս պահին, և ես կարծում եմ, որ դա սազական չէ այն ամեն ինչին, այն զարթոնքին, որը հիմա կա Հայաստանում: Իսկ կոալիցիայի մասով եկեք չշտապենք»,- եզրափակեց Արարատ Միրզոյանը:

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 1-ին 56 դեմ և 45 կողմ ձայներով ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրեց «Ելք» խմբակցության առաջադրած թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Այլ թեկնածություններ չէին առաջադրվել: Համաձայն ՀՀ Մայր օրենքի՝ «վարչապետչընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Ընտրության հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 8-ին: «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» խմբակցությունները հայտարարել են ձայները Փաշինյանին տալու մասին: Իսկ ՀՀԿ-ն հայտարարել է թեկնածու չառաջադրելու և պատգամավորների 1/3-ի ձայներով առաջադրված թեկնածուին սատարելու մասին:

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ

Քաղաքականություն

Գեղարքունիքում սահմանազատման հետ կապված որևէ գործընթաց չկա. մարզպետ

Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո

Քաղաքականություն

Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում. Լուիս Մորենո Օկամպո

Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանն ու Լուի Բոնոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Կիպրոսի ԱԳՆ-ն նշանակալի քայլ է համարում ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ

Քաղաքականություն

Կիպրոսի ԱԳՆ-ն նշանակալի քայլ է համարում ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Քաղաքականություն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

Վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու․ Ավինյան

Քաղաքականություն

Վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու․ Ավինյան

Հունաստանը ողջունել և պատմական է որակել ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ

Քաղաքականություն

Հունաստանը ողջունել և պատմական է որակել ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն անդրադարձել է հայ-հնդկական ռազմատեխնիկական համագործակցությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում