Վարչապետ ընտրվելու պարագայում Փաշինյանը պատրաստվում է կարճ ժամկետներում տիրապետել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ թեկնածու, Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու պարագայում պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին տիրապետել կարճ ժամկետներում: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը նշեց Հանրապետական խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:

Հանրապետական պատգամավոր Կարեն Բեքարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ տեսլական ունի ԼՂ հարցի շուրջ: «Եթե մոտեցումը գտնվելու է շարունակականության համատեքստում՝ այդ պարագայում ձեր կարծիքով որքա՞ն ժամանակ կպահանջվի, որպեսզի մտնեք այդ ամբողջ գործընթացի մեջ, իր բոլոր նրբություններով, բանակցային էլեմենտներով հանդերձ: Եվ երկրորդ՝ այդ ամենի մեջ ներառվելու, ներգրավվելու և լիարժեք տեղյակ լինելու ի՞նչ մեթոդաբանություն եք պատկերացնում: Իսկ եթե ինչ-որ փոփոխություն նախատեսում եք, ինչքանը որ հնարավոր է, այդ փոփոխությունների կամ ելևէջների հետ կապված ի՞նչ կարող եք ասել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հետաքրքրվեց Կարեն Բեքարյանը:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ հարցը կարևորագույն հարցերից մեկն է և ակնհայտ է, որ հարցի բանակցությունները, կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Ինչ վերաբերում է հարցին տիրապետելու ժամկետներին՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է հարցին տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում: Մեթոդաբանությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, որովհետև Հայաստանում կան համապատասխան ինստիտուտներ և պետք է հոգ տանեն, որպեսզի իմ՝ վարչապետ ընտրվելու դեպքում, ես տիրապետեմ անհրաժեշտ տեղեկատվությանը»,- ասաց ՀՀ վարչապետի թեկնածուն:

Նրա խոսքով, ընդհանրապես, աշխատանքի մեթոդաբանությունը կրկին պետք է լինի ինստիտուցիոնալ: «Մենք միշտ էլ խոսել ենք այն մասին, որ անձերի ճաշակները և անձնական սուբյեկտիվ կարծիքները չպետք է որոշեն պետական քաղաքականությունն այս կամ այն ոլորտում: Իհարկե, անձերն իրենց դերակատարումն ունեն, բայց այդ դերակատարումը պետք է լինի հավասարակշռված: Կարծում եմ, որ մեր երկրում կան ինստիտուտներ, որոնք կայացել են և որոնք կարող են այդ հակակշռի դերը կատարել և այնտեղ, որտեղ անհամաչափ է և հակակշիռների անհրաժեշտություն կա, ապա այս հարցի կոնտեքստից դուրս, դրան նույնպես հակակշռելու անհրաժեշտություն կլինի»,- նկատեց Փաշինյանը:

Խոսելով ԼՂ հարցի ընթացիկ վիճակին՝ «Ելք» խմբակցության ղեկավարն ասաց, որ Հայաստանում այս ուղղությամբ շատ մեծ ամպլիտուդա չկա, որովհետև այն հռետորաբանությունը, որն օգտագործվում է Ադրբեջանի ներկայիս ղեկավարության կողմից՝ մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար: «Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ: Կարծում եմ՝ ՀՀ յուրաքանչյուր ներկայացուցչի համար խնդրահարույց է բանակցել մի երկրի ներկայացուցչի հետ, որը ժամանակ առ ժամանակ սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել և վերջին ամենամեծ «գլուխգործոցը» Երևանի նկատմամբ նկրտումներ հաստատելն էր: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը պետք է արձանագրեն, որ նման պայմաններում խոսել կարգավորման մասին՝ ռեալ չէ: Խաղաղության համար պետք է լինի խաղաղության մթնոլորտ, ագրեսիվ հռետորաբանության պայմաններում հնարավոր չէ հաստատել խաղաղության մթնոլորտ, առնվազն այդ մոտեցումը չի կարող լինել ընդունելի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ վերջին պրոցեսները պետք է լրջորեն ամրացնեն Հայաստանի դիրքերը նաև ԼՂ հարցի բանակցային գործընթացում: «Կարծում եմ՝ ազգային զարթոնքը, ազգային համախմբումը, որ այս ունենք, հույս ունեմ, որ համատեղ ջանքերով կպահպանենք: Սա, իհարկե, բանակցային գործընթացում պետք է ուժեղացնի Հայաստանի դիրքերը, պետք է նպաստի մեր զինված ուժերի մարտունակության բարձրացմանը և ընդհանրապես հանրային ոգու բարձրացմանը, ինչը կարծում եմ՝ ամենևին էլ երկրորդական դերակատարում չունի այս գործընթացում».- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կարեն Բեքարյանն արձանագրեց, որ կա հստակություն, որ Նիկոլ Փաշինյանը նախատեսում է շատ կարճ ժամկետում մտնել ԼՂ հարցի բանակցային գործընթացում: «Եթե վաղն ընտրվեք վարչապետ՝ ուղղակի հորդոր, որպեսզի ԼՂ հարցը լինի ամենամեծ առաջնահերթությունը, որովհետև ամեն դեպքում այդ գործընթացը պարզ չէ ինչքան ժամանակ կառանձնացնի կամ կստեղծի: Երկրորդ՝ հասկանալի է, որ այս միջավայրում, լրագրողների ներկայությամբ նյուանսների, ելևէջների մասին խոսելը բարդ է և այդ առումով ուղղակի կուզենամ աչքի առաջ ունենաք փակ ձևաչափով քննարկումներ ունենալու հնարավորությունը»,- ասաց Բեքարյանը:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը