Նշվեց հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքակիրթ աշխարհին ներկայանալի լինելու, նրա հետ համաչափ քայլելու համար հարկավոր է առաջնահերթ ճանաչել սեփական երկրի պատմամշակութային արժեքները: Գնահատել ու պահպանել դրանք, փոխանցել գալիք սերունդներին: Եւ հենց այս առիթով էլ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդը` ԻԿՕՄՕՍ-ը ապրիլի 18-ը հռչակել է, որպես հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օր:

Միջոցառման պաշտոնական բացմանը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն ասաց. «Ցուցահանդեսի նյութը բաղկացած է մասնավորապես հնագիտական ժառանգության վայրերի, դրանց պահպանությանն ուղղված գործողությունների մասին: Ուզում եմ ընդգծել, որ հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը իսկապես կարեւոր է մեզ համար: Այն մեր պատմամշակութային արժեքները անխաթար գալիք սերունդներին փոխանցելու լավագույն քայլերից մեկն է»:

Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը ընդգծեց, որ նախատեսված եւ այսուհետ անցկացվելիք բոլոր ծրագրերը, հիմնականում իրականացվելու են «Երեւան-2800»-ի շրջանակում:

Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գեւորգ Օրբելյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց թանգարանի անձնակազմին` Երեւանում գտնվող հուշարձանները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար: «Այս տարվա խորագիրն ակամա շատ հետաքրքրական է: Սերնդեսերունդ փոխանցում ու ստանում ենք մշակութային արժեքներ: Ուզում եմ, որ մեր ձայնը լսելի լինի նաեւ մյուս սերունդների համար: Այն կրթական, ճանաչողական ծրագրերը, որ իրականացվում են, մշտական բնույթ պետք է կրեն: Սովորեցնեն ու իրազեկեն մեր հուշարձանների պատմությունը եւ դրանց կարեւորությունը»,-շեշտեց Օրբելյանը:

Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս դոկտոր-պրոֆեսոր Սամվել Հակոբյանը օրվա առիթով` մշակութային արժեքների պահպանման ու հանրահռչակման համար «Էրեբունի» արգելոց-թանգարանին պարգեւատրեց Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի պատվոգրով:

Պաշտոնական մասի ավարտից հետո ներկաներն ու հյուրերը ցուցասրահում դիտեցին ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ հունիսի 18-ը:

Օրվա միջոցառումների շրջանակում հնագետ, պ.գ.թ. Միքայել Բադալյանը դպրոցականների եւ ուսանողների համար անցկացրեց դասախոսություն՝ «Հայկական լեռնաշխարհը հետուրարտական ժամանակաշրջանում. ժառանգություն եւ իմիտացիա» թեմայով, իսկ տոնական օրը ամփոփեցին «Էրեբունի» թանգարանին կից գործող «Պատանի հնագետ» դպրոցի սաները՝ ճանաչողական շրջայց կատարելով:

«Էրեբունի» թանգարանն «ԻԿՕՄՕՍ/Հայաստան»-ի հետ համատեղ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված վերոնշյալ միջոցառումներն իրականացնում է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի՝ ԻԿՕՄՕՍ-ի առաջադրած «Գիտելիքների փոխանցում սերունդներին եւ Երիտասարդական առաջնորդություն» նշանաբաններով:

Հայերեն العربية

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով