Քաղաքագետը Սիրիայի հարցում չի ակնկալում լուրջ իրավիճակային փոփոխություն
2 րոպեի ընթերցում
![Քաղաքագետը Սիրիայի հարցում չի ակնկալում լուրջ իրավիճակային փոփոխություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/929547.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը սիրիական հակամարտության հարցում ոչ մի լուրջ իրավիճակային փոփոխություն չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, որ սիրիական բազաների ուղղությամբ հնարավոր է հրթիռային հարվածներ լինեն, բայց երկրում ոչ մի լուրջ փոփոխություն չի լինի: «Սա կլինի քաղաքական հայտարարություն՝ ռազմական մեթոդներով»,-ասաց բանախոսը:
Իսկանդարյանի խոսքով` Ռուսաստանի և Իրանի շնորհիվ Ասադին հաջողվեց ինչ-որ չափով հաղթահարել իրավիճակը գրեթե ամբողջ Սիրիայում: «Սիրիայի մեծ հատվածի վրա վերահսկողությունը հաստատված է: Ասադը չի պատրաստվում իշխանությունը կիսել»,-ասաց նա, հավելելով, որ Սիրիայում բալանս փոխելու համար պետք է իրաքյան պատերազմի նման մի բան լինի:
Անդրադառնալով Սիրիայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառմանը, քաղաքագետն ընդգծեց, որ քիմիական զենքը՝ քլորը, տարվա սկզբից այս հատվածում օգտագործվել է հինգ անգամ միայն հաստատված դեպքերով: «Զարին օգտագործվել է գրեթե նույնքան, իսկ զարինը լուրջ քիմիական զենք է»,-ասաց նա:
Դումա քաղաքում ապրիլի 7-ին իրականացված քիմիական հարձակման հետևանքով մոտ հինգ տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել: Դումայից ստացվող տեսագրություններից պարզ է դառնում, որ տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են: