Մշակույթ

Ռուբեն Բաբայանը մշակույթի առաջընթացն ապահովելու առումով կարևորում է տաղանդներին նոր հարթակ տրամադրելը

3 րոպեի ընթերցում

Ռուբեն Բաբայանը մշակույթի առաջընթացն ապահովելու առումով կարևորում է տաղանդներին նոր հարթակ տրամադրելը

ԵՐԵՎԱՆ, 11, ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշակույթի առաջընթացի համար անհրաժեշտ է տաղանդավոր մարդկանց բացահայտել, նրանց հարթակ տրամադրել և վերջիններիս զարգացման համար համապատասխան պայմաններ ստեղծել, քանի որ մշակույթը մեր դեմքն է: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը:

«Յուրաքանչյուր ժամանակաշրջան կառավարման տեսանկյունից ունի և’ դրական, և’ բացասական կողմեր: Ամենակարևորը նկատել դրականը և շարունակել այն, նկատել բացասականը և խուսափել դրանից: Դժվարանում եմ միանշանակ գնահատական տալ մշակութային քաղաքականությանը: Տասը տարվա ընթացքում այն տարբեր է եղել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Բաբայանը:

Նրա համոզմամբ` հատկապես վերջին երկու տարում մշակութային դաշտում վտանգավոր տենդենց է նկատվում: «Մշակույթը սկսվում է ընկալվել որպես ժամանց, և ժամանցի օրենքներով դատվել: Վաճառվեց ապրանքը, ուրեմն լավ է, չվաճառվեց` լավ չէ: Ես ներկայացնում եմ արվեստ, որը գոյություն ունի հենց այս պահին, իր ժամանակում, բայց գրականության կամ կերպարվեստի դեպքում գործ ունենք հավերժության հետ: Անպայման չէ, որ գրական գործը հենց այսօր գտնի իր ընթերցողին: Նույնը վերաբերում է քանդակագործությանը, կերպարվեստին: Հիշենք Մոդիլիանիին, որի կտավները արժեք ձեռք բերեցին միայն նրա մահվանից հետո»,-շեշտեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Բաբայանը կարծում է, որ կառավարման ձևերը պետք է փոփոխվեն, բարեփոխումների ենթարկվեն, բայցև չի կարելի որպես բարեփոխում ընդունել միայն ֆինանսների կրճատումը: Ըստ նրա` մշակույթի, կրթության, գիտության բնագավառում ֆինանսական միջոցների կրճատումը բարեփոխում չէ: Անհրաժեշտ է մտածել, մեխանիզմներ ստեղծել, որպեսզի իրական ստեղծագործողը կարողանա շարունակել իր աշխատանքը, իսկ նա, ով դատարկ տեղ է գրավում, դուրս գա այդ դաշտից, տեղը զիջի տաղանդավոր մեկին:

Ռուբեն Բաբայանը խոստովանեց, որ մեր երկրում շատ են շնորհալի ստեղծագործողները, և դա են փաստում միջազգային թատերական փառատոններում նրանց ունեցած ձեռքբերումները: «Մենք բաց դեմքով ենք նայում աշխարհին. և’ սովորելու, և’ սովորեցնելու բան ունենք»,-եզրափակեց արվեստագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում