Հասարակական

Հայտնի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվել է «Մատենադարան» հուշամեդալով

2 րոպեի ընթերցում

Հայտնի հայագետ Մայքլ Սթոունը պարգևատրվել է «Մատենադարան» հուշամեդալով

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանի գլխավոր մասնաշենքի տեսասրահում Երուսաղեմի եբրայական համալսարանի պատվո պրոֆեսոր (professor emeritus) , ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Մայքլ Սթոունի հոբելյանի կապակցությամբ ապրիլի 7-ին տեղի ունեցավ միջոցառում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայագիտության զարգացման մեջ Մայքլ Սթոունի անգնահատելի ավանդի, գիտական գործունեության մասին միջոցառման մասնակիցներին տեղեկություններ տրամադրեց Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրման և թարգմանության բաժնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Գոհար Մուրադյանը: Մայքլ Սթոունին գնահատանքի խոսքեր հղեցին Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը, պրոֆեսոր Աբրահամ Տերյանը (ԱՄՆ), Մատենադարանի վերականգնման բաժնի վարիչ Գայանե Էլիազյանը: Հայագիտության մեջ ունեցած մեծ ավանդի և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Մայքլ Սթոունին հանձնեց «Մատենադարան» հուշամեդալ:

Պրոֆեսոր Մայքլ Սթոունը անվանի հայագետ է, հիմնադրել է Երուսաղեմի եբրայական համալսարանի Հայագիտական ամբիոնը և Կրոնական հետազոտությունների ամբիոնը, հիմնադրել և նախագահել է «Հայագիտության միջազգային ընկերակցությունը» (Association Internationale des Etudes Arméniennes) : Հեղինակ է բազմաթիվ մեծարժեք հայագիտական ուսումնասիրությունների: Նրա գիտական հետաքրքրությունների կենտրոնում են վաղ եբրայական և քրիստոնեական բանասիրությունն ու աղբյուրագիտությունը, հատկապես՝ հին կտակարանային և պարականոն տեքստերի ուսումնասիրությունը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում