Քրեակատարողական վարչության նոր պետը վճռական է կոռուպցիայի ռիսկերի վերացման աշխատանքներում. Ռաֆայել Հովհաննիսյանի հարցազրույցը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման նվազեցումը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանների բարելավումը մշտապես հանդիսացել է քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնային ուղղվածություն: Քրեակատարողական ծառայության առջև դրված նպատակների, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի գերբնակեցման, դատապարտյալների «հիերարխիկ» հարաբերությունների խնդիրների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանի հետ:

- Պարոն Հովհաննիսյան, հունվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով դուք նշանակվել եք ՀՀ քրեակատարողական վարչության պետ: Ստանձնելով նոր պաշտոնը, որոնք են լինելու ձեր առջև դրված հիմնական խնդիրները:

-ՀՀ քրեակատարողական ծառայությունը նախատեսում է շարունակել սկսված բարեփոխումները և առավել մեծ ուշադրություն դարձնել հատկապես կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսպասարկման, պահման պայմանների, սննդի մատակարարման և անվտանգության ապահովման ոլորտներին, ինչպես նաև աշխատանքներ տանել կոռուպցիայի ռիսկերի վերացման ուղղությամբ:

-2017 թվականին շատ է քննարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գերբնակեցման հետ կապված խնդիրը: Այս մասով ինչ կարող եք ասել:

-Քրեակատարողական հիմնարկներում գերբնակեցման նվազեցումը, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանների բարելավումը մշտապես հանդիսացել է քրեակատարողական ծառայության կողմից իրականացվող բարեփոխումների առաջնային ուղղվածություն: Այդ նպատակով, մինչ օրս իրականացվող ծավալուն իրավակազմակերպչական միջոցառումների արդյունքում լրակազմի առումով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գերբեռնվածություն խնդիր առկա չէ ( 2018 թվականի մարտի 29-ի դրությամբ` 780 լրակազմի պայմաններում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվում է 787 անձ):

-Քննարկվում է նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի պահման պայմանների անմխիթար վիճակը: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու այս խնդիրը լուծելու համար:

-Հաշվի առնելով հիշյալ քրեակատարողական հիմնարկի ոչ բարվոք վիճակը, արտաքին և ներքին ջրամատակարարման համակարգիսանհանգույցի և բաղնիքների կապիտալ վերանորոգման նպատակով ներկայումս իրականացվում են նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ:

Հարկ է նշել, որ վերը թվարկված բոլոր գերակա ուղղություններն ընդգրկված են նաև ՀՀ քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2030 թթ. ռազմավարության նախագծում:

-Ձեր կարծիքով` ինչպես կարելի է պայքարել ՔԿՀ-ներում դատապարտյալների «հիերարխիկ» հարաբերությունների դեմ:

- Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում ոչ պաշտոնական հիերարխիկ դեպքերը ժամանակին հայտնաբերելու, նմանօրինակ վարքագիծ դրսևորող անձանց պարզելու, վերջիններիս նկատմամբ համապատասխան աշխատանքներ տանելու, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց շրջանում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ձևավորելու հրամայականները գտնվում են ծառայության ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնագրքի պահանջների դիտավորությամբ խախտողներ, դատապարտյալների շրջանում հիերարխիկ դիրքեր ստեղծելու փորձ կատարողներ, ինչպես նաև քրեակատարողական ծառայողների օրինական պահանջները որևէ կերպ շրջանցել ցանկացողները, քրեակատարողական հիմնարկների վարչակազմի կողմից վերջիններիս նկատմամբ անխուսափելիորեն կիրառվում են տարաբնույթ օրինական միջոցներ` կարգապահական պատասխանատվության ենթարկելուց մինչև մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող քրեակատարողական հիմնարկներ ուղարկելը:

Քրեակատարողական ծառայությունն ամբողջովին վերահսկում է քրեակատարողական հիմնարկներում տիրող օպերատիվ իրավիճակը և անհրաժեշտության դեպքում ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ ոչ պաշտոնական հիերարխիայի դրսևորումները կանխելու ուղղությամբ:

Հարցազրույցը՝ Կարեն Խաչատրյանի

Հայերեն English

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին