2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը կարծում Է, որ ընկերությանը մի քանի տարի կպահանջվի այն խնդիրների լուծման համար, որոնք ծառացել են սոցիալական ցանցի առջեւ: Այս մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, նա հայտարարել Է ապրիլի 2-ին Vox ինտերնետ-կայքում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կցանկանայի այդ խնդիրները լուծել երեք կամ վեց ամսում, բայց կարծում եմ՝ իրականությունն այն Է, որ այդ մի քանի հարցերի լուծումը պարզապես շատ ավելի մեծ ժամանակ կպահանջի»,- ասել Է Ցուկերբերգը: Facebook-ի ղեկավարը նաեւ նշել Է, որ ընկերությունը ձգտում Է ավելացնել այն աշխատակիցների թիվը, որոնք զբաղվում են անվտանգության հարցերով: «Անցյալ տարվա սկզբին, կարծում եմ, մենք ունեինք անվտանգության համար աշխատող 10 հազար մարդ: Բայց այս տարվա վերջին մենք պլանավորում ենք, որ այս ոլորտում մենք կունենանք 20 հազար մարդ»,- նշել Է Ցուկերբերգը:
Ընկերությունը մարտին հայտնվել Է սկանդալի կենտրոնում: Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել Է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել Է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: