Երևանյան բեսթսելեր 4/104. «Հարյուր տարվա մենություն», «Մի գիշերվա հյուր», «Պորտնոյի ցավը» ամենավաճառվածներից են
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում էԳաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գիրքը: Պատմելու արվեստի անգերազանցելի վարպետ Գարսիա Մարկեսի այս վեպը, որը «մոգական ռեալիզմի» կատարյալ դրսևորում է համարվել և «խոսքի գոթական տաճար» որակվել, XX դարի ամենաընթերցված և ամենաշատ թարգմանված գործն է: Այն շարունակում է այդպիսին մնալ նաև XXI դարում: Երևակայական Մակոնդո քաղաքը հիմնադրած Բուենդիաների տոհմի վեց սերունդների հարյուրամյա կյանքի պատմությամբ հեղինակն ամփոփ ներկայացնում է XIX դարի և XX դարի սկզբի Կոլումբիայի պատմությունը: Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը, խմբագրել Զավեն Բոյաջյանը:
Երկրորդ հորիզոնականում է ամերիկացի ականավոր գրող Ֆիլիպ Ռոթի մեծ աղմուկ հանած «Պորտնոյի ցավը» վեպը: Այն ամերիկյան հրեա Ալեքսանդր Պորտնոյի տրագիկոմիկական խոստովանությունն է այն ավերների մասին, որ նրա ինքնությանը պատճառել են իրենց ձևավորած մշակույթը, ազգային կարծրատիպերն ու տաբուները՝ տեղիք տալով հոգեմաշ սեքսուալ մտասևեռման և մեղքի զգացման: Անգլերենից թարգմանել և ծանոթագրել է Զավեն Բոյաջյանը:
Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»վեպը զիջել է առաջատարի դիրքերը և երրորդն է: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Չորրորդ հորիզոնականում «Մի գիշերվա հյուր» վեպն է, որը Նոբելյան դափնեկիր Շմուել Յոսեֆ Ագնոնի կարևորագույն ստեղծագործություններից է: Վեպի հերոսն Առաջին աշխարհամարտից հետո Իսրայելից վերադառնում է իր հայրենի քաղաք Արևելյան Եվրոպայում, որտեղ անցկացնում է մոտ մեկ տարի՝ ամեն օր բախվելով ողբերգական իրականությանը: Պատերազմի, աղետների ժամանակի վայրիվերումներին ենթարկված հայրենի քաղաքում նա փորձում է վերակենդանացնել կրոնական կյանքը, ավանդական արժեքները, որոնք անհետացման եզրին են: Վեպը ներկայացնում է հեղինակի մտորումները հրեա ժողովրդի անցյալի, ողբերգական ներկայի և ապագայի հույսի մասին: Եբրայերենից թարգմանել է Ալվինա Հովհաննիսյանը, խմբագրել է Արքմենիկ Նիկողոսյանը:
Ռոբերտ Վալզերի «Զբոսանք» գիրքը, որը հինգերորդ տեղում է, աշխարհի սիրով լցված կենսահաստատ զգացողության մասին է, բայց նաև մարդկային կյանքի ուղու, բնության տոնահանդեսի փառաբանության, որ հակասության մեջ է նյութական գոյության սուղ պայմանների հետ: Ամենուր գրողին համակած և ընթերցողին վարակող մեծազոր, խանդավառ ու լավատեսական հույսը, որ ցավեցնող ու բուժիչ հումորի չափաբաժիններով լուսաճառագում է մարդկային ինքնագիտակցության խորշերում, համեմված է հոգեբանական մանր ու մեծ գյուտերի, տիեզերական մերձակցության և ստեղծագործական շնորհի հայտնութենական դրսևորումներով: Գերմաներենից թարգմանությունը և վերջաբանը՝ Աշոտ Ալեքսանյանի:
Վեցերորդ հորիզոնականում է Խուլիո Կորտասարի «Ցատկախաղը» ստեղծագործությունը, որը ձևով և բովանդակությամբ հրապուրիչ, բազմաշերտ խաղ է, որի կանոններն ընտրում է ընթերցողը: Վեպի առանցքում մի «ուրիշ» բանի` կենտրոնի փնտրտուքն է, որը ծավալվում է Օլիվեյրայի և Մագայի սիրային հարաբերության, «Օձի ակումբի» ընթերցումների, քննարկումների ու վեճերի, գրող Մորելլիի գործերի վերծանման ու մեկնաբանման, ջազին նվիրված երեկոների, փարիզյան դեգերումների ու հայտնագործումների շուրջ՝ միահյուսվելով Օլիվեյրայի բուենոսայրեսյան կյանքին:
Մի քանի հորիզոնականով իր դիրքերը զիջել և յոթերորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:
Մեր աղյուսակ է վերադարձել և ութերորդ տեղը գրավել ՍտեֆանՑվայգի «Ընտիր նովելներ»գիրքը: Ժողովածուն ընդգրկում է նշանավոր գրողի մի շարք լավագույն նորավեպեր` Արա Առաքելյանի և Մարգարիտ Առաքելյանի թարգմանությամբ: Երկերի սյուժեի բանաստեղծական խորհրդատվություն, դրամատիկ կառուցվածք, կերպարների ամբողջականություն, բնավորությունների հոգեբանական խոր վերլուծություն, հյութեղ լեզու. այս ամենի և այլ արժանիքների շնորհիվ Ստեֆան Ցվայգը դարձել է ամենապահանջված հեղինակներից մեկը: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:
Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ»վեպն իններորդն է: Այն պատմություն է բարձր սարերում ծվարած մի գյուղի և նրա փոքրաթիվ բնակիչների մասին, որոնցից յուրաքանչյուրը մի քիչ խենթ է, մի քիչ փնթփնթան, և որոնցից յուրաքանչյուրի հոգում իրական գանձեր են թաքնված: Ռուսերենից թարգմանել է Նաիրա Խաչատրյանը, խմբագրել է Հայարփի Խաչատրյանը:
Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է բրազիլացի հանրահայտ գրողՊաուլու Կոելյուիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»:Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | Նոր | ![]() |
Գաբրիել Գարսիա Մարկես «Հարյուր տարվա մենություն» | Անտարես | 86 |
2 | Նոր | ![]() |
Ֆիլիպ Ռոթ «Պորտնոյի ցավը» | Անտարես | 59 |
3 | -2 | ![]() |
Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» | Բուկինիստ | 57 |
4 | Նոր | ![]() |
Շմուել Յոսեֆ Ագնոն «Մի գիշերվա հյուր» | Անտարես | 57 |
5 | Նոր | ![]() |
Ռոբերտ Վալզեր «Զբոսանք» | Անտարես | 53 |
6 | Նոր | ![]() |
Խուլիո Կորտասար «Ցատկախաղ» | Անտարես | 46 |
7 | -4 | ![]() |
Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» | Անտարես | 30 |
8 | * | ![]() |
Ստեֆան Ցվայգ «Ընտիր նովելներ» | Բուկինիստ | 25 |
9 | * | ![]() |
Նարինե Աբգարյան «Երկնքից երեք խնձոր ընկավ» | Օրակուլ | 21 |
10 | -6 | ![]() |
Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» | Անտարես | 18 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: