Քաղաքականություն

Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ

3 րոպեի ընթերցում

 Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Լիբանանում. «Ընդամենը երկու շաբաթ առաջ Երևանում մենք առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Կարևորում ենք բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև բարձր մակարդակի մշտական շփումներն ու երկխոսությունը: Ինչպես ես նշեցի մեր նախորդ հանդիպմանը, մեր երկկողմ հարաբերությունների տնտեսական ներուժը մեծ է, և այն պետք է հնարավորինս իրացնել», - ասել է ՀՀ վարչապետը:

Լիբանանի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Լիբանան՝ վստահություն հայտնելով, որ այն կնպաստի հայ-լիբանանյան բարեկամական հարաբերությունների առավել զարգացմանը: Միշել Աունը պատրաստակամություն է հայտնել օժանդակել երկու երկրների կառավարությունների նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձել Հայաստանի համար գործող առևտրային արտոնյալ ռեժիմներից լիբանանյան ընկերությունների օգտվելու հնարավորություններին, տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու հեռանկարներին:

ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կարևոր է համատեղել այն առավելությունները, որոնք ունեն Հայաստանի և Լիբանանի տնտեսությունները` ընդգծելով նաև, որ այսօր Հայաստանի տնտեսությունը աճի լավ միտում ունի և այն առաջիկա տարիներին պահպանվելու է:

Հայաստանի վարչապետն ասել է նաև, որ այսօր ավելի վաղ իր գործընկերոջ հետ քննարկել են հայ-լիբանանական հիմնադրամի ստեղծման հնարավորությունները, որը կաջակցի թե Լիբանանում, թե Հայաստանում հետաքրքրություն ունեցող բիզնեսին:

Երկուստեք կարևորվել է լիբանանահայ համայնքի դերակատարությունը՝ որպես երկու երկրներին կապող և հարաբերություններն ամրապնդող օղակ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում