ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան ցանկանում է հասնել ԼՂ խնդրի քաղաքական և բանակցային լուծման. բացառիկ հարցազրույց

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում 2018 թվականին նախագահող Իտալիան ջանք չի խնայելու աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին՝ հասնելու խնդրի կայուն և բանակցային ճանապարհով լուծմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության մամուլի պատասխանատու Ջիովաննի Դավոլին:

-Իտալիան 2018 թվականի հունվարից ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Որո՞նք են ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահության առաջնահերթությունները:

-Ինչպես 2018 թվականի հունվարի 11-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ ընդգծեց Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն, մեր նախագահության առաջնահերթությունները երեքն են:

Շարունակելով ԵԱՀԿ-ում նախորդ նախագահողների գործողությունները՝ լիակատար աջակցություն ենք ցուցաբերում Ուկրաինայում և դրա շուրջ ծավալված ճգնաժամի, ինչպես նաև ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների հանգուցալուծման ջանքերին: Այս համատեքստում նախարար Ալֆանոն հատուկ առաքելություն է իրականացրել դեպի Ուկրաինա (2018 թվականի հունվարի 30-31-ը)՝ ԵԱՀԿ գործող նախագահի պաշտոնում այցելելով նաև Դոնբասում ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելություն և Մոսկվա (փետրվարի 1):

ԵԱՀԿ-ում ավելի մեծ ուշադրություն ենք ցուցաբերում Միջերկրածովյան տարածաշրջանում առկա մարտահրավերներին և հնարավորություններին՝ մասնավորապես առաջ մղելով ԵԱՀԿ դերակատարությունը միգրացիայի հարցում, ինչպես 2017 թվականի հոկտեմբերի 24-25-ը Պալերմոյում Միջերկրածովյան համաժողովի ժամանակ ընդգծեց այն նախագահող նախարար Ալֆանոն:

Պրոակտիվ մոտեցում ենք ցուցաբերում ԵԱՀԿ 3 «ուղղություններին» (ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական, մարդու իրավունքներ) և նոր անդրազգային սպառնալիքներին (ահաբեկչություն, կիբերանվտանգություն, պայքար զենքի, թմրամիջոցների, մշակութային արժեքների անօրինական թրաֆիքինգի և վտանգավոր արտանետումների դեմ):

-Որպես ԵԱՀԿ-ում նախագահող՝ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում:

-Ճգնաժամի կարգավորման տարրերն արդեն դրվել են բանակցային սեղանին՝ շնորհիվ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնացված հանձնառության:

Հետևաբար, լիակատար աջակցություն ենք ցուցաբերում մինչև այժմ ընդունված մոտեցմանը. երբ կողմերը ներգրավվել էին բարձրագույն քաղաքական մակարդակում՝ երկու նախագահների միջև ուղղակի շփման ձևով, մենք ականատեսը եղանք դրական զարգացումների: Այս առումով մենք աջակցում և սատարում ենք հետագա շփումներին ամենաբարձր մակարդակով՝քաջ գիտակցելով, որ կողմերի շրջանում քաղաքական կամքի առկայությունը Լեռնային Ղարաբաղի խաղաղության գործընթացի առանցքային գործոնն է:

-Ունեք արդյոք հատուկ նախաձեռնություններ, որոնք կարող են առաջ մղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

-ԵԱՀԿ-ում Իտալիայի նախագահությունը նպատակ է հետապնդում հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական, բանակցային և կայուն լուծման:

Մենք գործելու ենք ԵԱՀԿ նախկին համանախագահողների ոգուն համապատասխան, հետևողականորեն աջակցելով Մինսկի խմբի համանախագահներին: Մենք ջանք չենք խնայելու օգնելու և աջակցելու կողմերին՝ համաձայն Մադրիդյան սկզբունքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի:

-Ինչպե՞ս կգնահատեք հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը: Ինչպիսի՞նն է երկկողմ քաղաքական երկխոսությունը, ինչպիսի՞ հեռանկարներ կան առաջ մղելու տնտեսական կապերը:

-Մենք Հայաստանի հետ փայլուն երկկողմ հարաբերություններ ունենք՝ հիմնված ամուր պատմական ու մշակութային կապերի վրա: Մենք Հայաստանն ընդունում ենք որպես մոտ բարեկամ և տարածաշրջանում վստահելի գործընկեր՝ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական մակարդակում: Մեր հարաբերությունների ինտենսիվությունն ապացուցվել է 2017 թվականին կազմակերպված շատ կարևոր նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին էր նախորդ տարի հունիսին Հռոմում կազմակերպված հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը:

Ինչ վերաբերում է տնտեսական կապերին՝ մեր երկու երկրի տնտեսությունների միջև փոխգործակցության շատ տարրեր կան: Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ գոյություն ունեն ավելի լայն հնարավորություններ ընդլայնելու մեր համագործակցությունը, մասնավորապես արդյունաբերության և երկկողմ առևտրի ոլորտներում: Մենք շարունակելու ենք աշխատանքը՝ ամրապնդելու այդ կապերը ինստիտուցիոնալ և տեղեկատվական մակարդակում՝ ի շահ մեր երկրների քաղաքացիական հանրության և գործարար շրջանակների:

Հարցազրույցը Արաքս Կասյանի

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում