Սաթիկ Սեյրանյանը մտադիր է Ժուռնալիստների միությունը դարձնել խնդիրների լուծման լուրջ դերակատար

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ժուռնալիստների միությունը ներկայում պատրաստվում է մի շարք փոփոխությունների: Միությունը կբարձրացնի ոլորտի ներքին խնդիրներն ու կփորձի լուծում տալ դրանց, կհամագործակցի նաև իրավաբանական գրասենյակների հետ՝ տարբեր խնդիրների դեպքում լրագրողներին աջակցություն ցուցաբերելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում անելիքներից խոսեց միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

-Տիկին Սեյրանյան, համագումարի ժամանակ ուրվագծեցինք միության որոշակի խնդիրներ, հիմա, երբ դրանք ներսից տեսնելու հնարավորություն ունեք, որո՞նք կառանձնացնեք:

-Այս պահին միությունում լուրջ վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենում: Աշխատակիցների համար տարրական պայմաններ անգամ ապահովված չէին: Տեխնոլոգիական այս ժամանակաշրջանում կար ընդամենը մեկ համակարգիչ՝ այն էլ շատ անմխիթար վիճակում: Եվ դրանով աշխատում էր գործավարուհին: Չկար նույնիսկ էլեկտրոնային հաշվապահություն: Վերանորոգչական աշխատանքներին զուգահեռ ուսումնասիրում ենք նաև հաշվապահությունը, ողջ փաստաթղթերը, համապատասխան հանձնաժողովի միջոցով գույքագրման աշխատանքներ են զուգահեռ ընթանում: Ինչպես ավելի վաղ ցանկություն էի հայտնել՝ աուդիտորական ընկերություն ենք հրավիրել: Վիճակն անմխիթար էր՝ ողջ փաստաթղթաշրջանառությունն իրականացվել է միայն թղթերով՝ քարե դար... Ներկայումս նաև փորձում ենք կադաստրից որոշ փաստաթղթեր ձեռք բերել, որոշները վերականգնել: Այս վերականգնման գործընթացը բավականին ծավալուն և աշխատատար է: Կազմակերպչական բազմաթիվ հարցեր կան, որոնք փորձում ենք կանոնակարգել:

Այժմ բանակցություններ ենք վարում նաև միության տարածքը զբաղեցրած վարձակալների հետ: Բավական վատ պայմաններով պայմանագրեր են կնքվել, որոնք դեմ են միության շահերին: Ընդհանուր եզրահանգման չգալու դեպքում չի բացառվում, որ դատական կարգով փորձենք լուծել հարցերը: Միությունն ունի գույքային հնարավորություններ, սակայն, ցավոք, դրանցից օգտվել են միայն վարձակալները:

-Մարդկային ռեսուրսների մասով ի՞նչ կասեք:

-Ինչպես համագումարի ընթացքում նշեցի՝ որպես առաջադրված թեկնածու էլ ինձ հայտնի չէր, թե քանի անդամ ունի այս միությունը: Մամուլում նախկին ղեկավարության կողմից տարբեր թվեր էին նշվում: Այդ խնդրի առաջ կանգնած են նաև տարբեր ստեղծագործական միությունները: Եվ արդյունքում իրականացրեցինք մարդկային ռեսուրսի գնահատում: Հնչում էին բազմաթիվ թվեր, սակայն պարզվեց, որ միությունն ուներ 114 անդամ: Գործող կանոնադրությամբ՝ եթե երկու տարի անընդմեջ միության անդամը չի վճարում անդամավճար, ապա դուրս է գալիս անդամությունից: Եվ պարզվեց, որ կային մարդիկ, որոնք վաղուց մահացել են, բայց նրանց անունը որպես անդամ մաքրված չէր ցանկից, կային նույնիսկ այնպիսիները, որոնք տեղյակ չէին, որ 10 տարի շարունակ անդամավճար չեն վճարել: Սակայն այդ մարդիկ մեղավոր չեն, իրենց պարզապես պետք էր ժամանակին ծանուցել: Եվ քանի որ միությունն իրենց ստեղծագործական կյանքում որևէ դերակատարում չի ունեցել, չեն էլ իմացել, որ անդամավճարը վճարելու ժամանակն է: Փորձում ենք նաև կանոնակարգել, որ այսուհետ էլեկտրոնային և այլ տարբերակներով ծանուցվեն: Մեկ առ մեկ բոլորին զանգահարել ենք: Նրանց առաջարկվել է վճարել և վերականգնվել: Աշխատակազմից այս պահին որոշները կրճատվել են: Դեռ նոր աշխատակազմ չենք ձևավորել:

-Համագումարի ժամանակ Ձեր խոսքում նշել էիք, որ միության շենքն ավելի շատ կապվում է հումորային ակումբի անվան հետ: Այս պատկերացումը ցրելու համար ի՞նչ աշխատանքներ եք իրականացնելու:

-Կարծում եմ՝ այդ հարցը պետք է լուծվի երկու կերպ: Նախ` պետք է բարձրացվի Ժուռնալիստների միության հեղինակությունը: Իսկ դա պետք է արվի ոչ միայն ուղղակի հայտարարություններով, այլ գործուն քայլերով: Լրագրության ոլորտում փորձառու իմ բազմաթիվ գործընկերներից շատերը միության անդամ չեն: Եվ նրանք ներկայումս պատրաստակամ են ներգրավվել: Հունիսին արտահերթ համագումար կանցկացնենք, և կանոնադրության հարցը կդրվի քննարկման: Միության կանոնադրությունը կհամապատասխանեցվի «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքին, կավելանան նաև որոշ գործառույթներ: Կանդամակցեն դաշտում ակտիվ գործող մի շարք լրագրողներ: Չափազանց կարևորում եմ նրանց գործուն մասնակցությունը, ես միայնակ ոչինչ չեմ կարող անել: Բազմաթիվ ծրագրեր առաջ կքաշենք, և ոլորտի պրոֆեսիոնալների հետ միասին շատ բան կկարողանանք փոխել:

-Ասացիք, որ ուզում եք նոր ծրագրեր առաջարկել, ի՞նչ նոր գործառույթներ կունենա միությունը, ի՞նչ էական քայլեր կիրականացվեն լրագրողների համար:

-Առաջին հերթին դաշտում գործող պրոֆեսիոնալների մասնակցությամբ կստեղծենք էթիկայի հանձնաժողով: Ոլորտում կան բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնք ունեն կանոնակարգման կարիք: Փորձենք մեր ներքին հարցերն ինքներս կարգավորել: Եվ քանի որ տարբեր լրատվամիջոցների և անհատ լրագրողների դեմ դատական հայցեր են ներկայացվում, մեղադրվում են ինչ-որ հարցերում, կարծում եմ՝ էթիկայի հանձնաժողովը կարող է դերակատարում ունենալ ներքին հարցերը քննարկելու, ներքին և արտաքին հարցերում արբիտրի դերակատարում ունենալու համար: Բավական աշխատանք ունենք կատարելու լրագրողների աշխատանքային պայմանների, նրանց իրավունքների պաշտպանության հարցում:

Պատանի ժուռնալիստների դպրոցը կլինի ոչ միայն ավագ դասարանցիների, այլ նաև լրագրողների համար: Կփորձենք և հայաստանյան, և արտերկրից տարբեր մեդիա փորձագետների մասնակցությամբ սեմինարներ, վարպետության դասեր անցկացնել: Մենք հիմա փորձում ենք նաև հասկանալ, թե լրագրողական դաշտում հատկապես որ մասնագիտացումների ուղղությամբ վարպետության դասերի կարիք կա, որպեսզի կարողանանք արդիական հարցեր բարձրացնել: Նախկինում դպրոցը ֆինանսական և կազմակերպչական շատ խնդիրներ ուներ:

-Տիկին Սեյրանյան, ընտրվելուց անմիջապես հետո նշել էիք, որ փաստաբանական ընկերության կամ անհատ փաստաբանի հետ կկնքեք պայմանագիր, որը կզբաղվի լրագրողների գործունեության խոչընդոտման դեպքերով, ի՞նչ աշխատանք է իրականացվել այս ուղղությամբ:

-Ինչպես նշել էի՝ մենք անպայման կհամագործակցենք իրավաբանական գրասենյակների հետ՝ տարբեր ատյանների և լրագրողների միջև խնդիրների դեպքում լրագրողներին աջակցություն ցուցաբերելու համար: Նախնական խոսակցություններ եղել են գրասենյակների հետ, բայց դեռ վերջնական որոշում չի կայացվել, թե որի հետ կաշխատի միությունը:

- Վերջերս հանդիպեցիքԵրևանի քաղաքապետՏարոն Մարգարյանիհետ՝ քննարկելու քաղաքապետարանում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու նրա հանձնարարականը: Կարծեք թե առաջին դեպքն էր, որ լրագրողական համայնքի ներկայացուցիչը նման հարց էր քննարկում պաշտոնյայի հետ: Ի՞նչ տպավորություններ ունեք:

-Լրագրողական տարբեր կազմակերպություններ ևս շնորհակալ աշխատանք են կատարել՝ բազմիցս բարձրաձայնելով ոլորտի խնդիրների մասին: Խնդիրն ընդամենը բարձրաձայնելով, հայտարարության տեքստ տարածելով՝ լրագրողները խնդրին լուծում չեն կարող տալ: Մենք կարող էինք ընդամենը վարչության նիստ հրավիրել, ամենադաժան բառերով փնովել Երևանի քաղաքապետի այդ որոշումը: Սակայն դրա արդյունքում ոչինչ չէր էլ լինելու: Անելիք ունենք մեր գործուն մասնակցությամբ, միայն հայտարարությունները բավարար չեն: Փորձը ցույց է տվել, որ իշխանությունները որևէ հայտարարության նկատմամբ անտարբեր են և իմունիտետ են ձեռք բերել: Որոշեցի դիմել քաղաքապետին, հանդիպել և քննարկել: Եվ եթե նրանք ուզում են մեր դաշտում որոշակի կանոնակարգում իրականացնել, մեր կարծիքը և ոլորտը կարգավորող օրենքները պետք է անպայման հաշվի առնեն: Քաղաքապետին հորդորեցի անպայման հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու, թե ինչն է հանդիսացել նման նախաձեռնության հիմք: Իսկ լրատվամիջոցներն էլ իրենց հերթին պետք է ներկայացնեին իրենց պահանջները, առաջարկները, որպեսզի համատեղ ուժերով կազմակերպվի աշխատանքը: Արդյունքում լրագրողների հետ հանդիպումը տեղի ունեցավ, և պայմանավորվեցինք, որ քաղաքապետարանն իր առաջարկները կուղարկի լրագրողներին, իսկ նրանք էլ իրենց առաջարկներով կփորձեն գալ ընդհանուր եզրահանգման: Ինձ համար ավելի հեշտ էր զուտ դատապարտող հայտարարություն անելը, բայց ես ընտրեցի գործուն տարբերակը, որպեսզի մեզ հետ հաշվի նստեն որևէ փոփոխություն կատարելու ընթացքում:

-Ուրիշ ի՞նչ խնդիր եք տեսնում ոլորտում, որ կլուծեք նման տարբերակով:

-Մասնագիտական ոլորտում բազմաթիվ անելիքներ ունենք: Ունենք էթիկայի, մասնագիտական վերապատրաստման, ինքնակրթման հետ կապված խնդիրներ: Եվ կարծում եմ՝ առաջին հերթին մենք ինքներս մեր ներքին խնդիրները պետք է բարձրաձայնենք ու փորձենք լուծում տալ:

Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի

Հայերեն English Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը