Սփյուռք

Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությունն այցելելու է Հայաստան

2 րոպեի ընթերցում

Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությունն այցելելու է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնի հայազգի քաղաքապետ Ժորժ Քեփենկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 3-7-ը կայցելի Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Lyonmag.com-ը՝ ընդգծելով, որ ամենևին էլ Քեփենեկյանի այցով չէ հիմք դրվելու Երևանի ու Լիոնի միջև համագործակցությանը. այն սկսվել է դեռևս 1992 թվականից:

Նախատեսվում է, որ այցի ընթացքում Երևանն ու Լիոնը կքննարկեն մինչև 2020 թվականը համագործակցության ծրագիրը:

Դրա շրջանակում նախատեսվում է համագործակցության խորացում տեղական ինքնակառավարման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման, տնտեսական և սոցիալական զարգացման, ուսումնական հաստատությունների համագործակցության խթանման, մշակույթի ոլորտներում:

Ժորժ Քեփենեկյանը Ֆրանսիայի 3-րդ խոշորագույն քաղաքի քաղաքապետ է ընտրվել 2017 թվականի հուլիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժերար Կոլոմին: Կոլոմը, որը երկրի նոր կառավարության կողմից նշանակվել է ներքին գործերի նախարարի պաշտոնում, ինքն էր առաջադրել Քեփենեկյանի թեկնածությունը: Հայտնի է, որ 2014թ. սկսած Քեփենեկյանն աշխատում էր որպես Լիոնի քաղաքապետի մշակութային և խոշոր միջոցառումների հարցերով առաջին տեղակալ:

Հայազգի գործիչը ծնվել է 1949թ.՝ օգոստոսի 9-ին: Նա մասնագիտությամբ ուրոլոգ-վիրաբույժ է: Քեփենեկյանը ֆրանսահայ համայնքի ակտիվ անդամ է, ինչպես նաև Լիոնի «Բուլուքյան հիմնադրամի» խորհրդի անդամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում