Վայոց ձորի մարզում կանխատեսվում է 1400 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն. մարզպետի հարցազրույցը

18 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորում զբոսաշրջության ոլորտը զարգացման մեծ հնարավորություններ ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում մարզպետ Հարություն Սարգսյանը նշեց, որ ոլորտի զարգացման դինամիկան ակնհայտ է: Մարզպետն անդրադարձավ ընթացիկ տարվա ներդրումային հնարավորություններին:

-Պարոն Սարգսյան, ասացեք խնդրեմ, 2017 թվականն ինչպիսի՞ տարի էր Վայոց ձորի համար: Ի՞նչ ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Քանի որ Վայոց ձորի մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է, ցանկանում են խոսել նախ այդ ոլորտի մասին: Ներկայացնեմ գյուղատնտեսության ոլորտում 2017 թվականին արձանագրված հաջողությունները, նշելով, որ ոլորտում եղել են եթե ոչ ակնառու ձեռքբերումներ, ապա` տեսանելի առաջընթաց:

Վայոց ձորի մարզում 2017 թվականին արտադրվել է 23.8 միլիարդ դրամի համախառն արտադրանք, որը կազմում է հանրապետական ցուցանիշի 2.6 տոկոսը: Նախորդ տարվա համեմատ համախառն արտադրանքն ավելացել է 2.0 միլիարդ դրամով կամ 8.4 տոկոսով: Մեկ շնչի հաշվով արտադրվել է 476 հազար դրամի գյուղատնտեսական արտադրանք:

Գյուղատնտեսության ոլորտի ձեռքբերումները՝ թվերի տեսքով. 2017 թվականին մարզի պտղատու այգետարածքներն ավելացել են 128 հեկտարով, խաղողի այգիները կազմել են 862.5հա, որը ավելի է 18.5 հեկտարով: 2017 թվականին արտադրվել է 4065տ խաղող` (նախորդ տարվա համեմատ ավել է 2087տ,) մթերվել է` 2335տ, որից մարզում գործող վերամշակող ընկերությունների կողմից` 1120տ: Արտադրվել է 8000տ պտուղ: Եղեգնաձորի պահածոների գործարանը մթերել է 1690տ պտուղ-բանջարեղեն, որից պտուղ` 235տ, բանջարեղեն` 1455տ: Ինտենսիվ եղանակով մշակվում է 43 հա հողատարածք, որից` 5.7 հա պտղատու այգի, 25.3 հա խաղողի այգի և 12 հա հատապտուղ (մորի, մոշ): Կաթիլային եղանակով ոռոգվում է` 70 հա պտղատու և խաղողի այգիներ:

Մարզում գործում են 169 ֆերմերային տնտեսություններ: Կոոպերատիվներ տնտեսությունների թիվը 27-ն է, որոնք ունեն հետևյալ ուղղությունները՝ չրի արտադրության, անասնապահության, բուսաբուծության, մրգի սառնարանային պահպանության, կաթի մթերման և վերամշակման և այլն: Մարզի 14 բնակավայրերում առկա են 44 ջերմոցներ, 2,3 հա ընդհանուր տարածքով:

Մարզի գյուղատնտեսության արտադրության արդյունավետությունը մեծ չափով պայմանավորված է ոռոգելի հողատարածությունների ավելացմամբ: Այս պահին մարզի վարելահողերի ընդամենը 17 տոկոսն է ոռոգելի: Համայնքներում կատարված ուսումնասիրություններից պարզվել է, որ եթե կառուցվի 56.2 կմ ոռոգման ջրագիծ և 11 կմ ներքին ցանց, ապա ոռոգելի հողատարածությունները կավելանա 1131 հեկտարով:

Մյուս կարևոր ոլորտի՝ արդյունաբերության մասին ասեմ, որ մարզի արդյունաբերական ձեռնարկությունները 2017 թվականին թողարկել են 16.844 միլիարդ դրամի համախառն արտադրանք, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 4.3%: Արդյունաբերության մեջ գերակշռող ուղղությունը մշակող արտադրությունն է (հանքային ջրերի և խմիչքների արտադրություն): Մեկ շնչի հաշվով արտադրվում է 318 հազ. դրամի արդյունաբերական արտադրանք: Մարզի համախառն արտադրանքը կազմում է հանրապետության համախառն արտադրանքի 1.2 տոկոսը:

Յուրաքանչյուր մարզի կենսագործունեության կարևոր ուղղություններից է առողջապահության ոլորտը: Նշեմ, որ մարզում գործում են 8 բժշկական հաստատություն, որից 3 բժշկական կենտրոնները սպասարկում են Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների սպասարկման տարածքներում հաշվառված ազգաբնակչությանը: Մարզի բուժական մանկաբարձական կետերը 35-ն են: Աշխատանքներ են իրականացվել առողջապահական կազմակերպությունների կողմից վճարովի ծառայությունների ծավալների մեծացման ուղղությամբ` ինչը դրական անդրադարձ է ունեցել կազմակերպությունների հասույթի ձևավորման վրա: Մարզային առողջապահական կազմակերպությունների բյուջեի մեջ վճարովի ծառայությունների տեսակարար կշիռը 2017 թ. կազմել է 9.4%:

Ուզում եմ տեղեկացնել նաև, որ Վայոց ձորում բնակվող հեմոդիալիզի կարիք ունեցող 12 հիվանդներ 2016 թվականից այլևս մայրաքաղաքում չէ, որ ստանում են բուժսպասարկում, քանի որ նրանց սպասարկումն իրականացվում է «Վայքի ԲՄ» ՓԲԸ-ում: «Վայքի ԲՄ» ՓԲԸ-ում գործում է հեմոդիալիզի բաժանմունք, որտեղ տեղադրվել են դիալիզի ժամանակակից 3 նոր սարքավորումներ, որոնց գինը կազմում է 37 մլն. դրամ: Նշված հիվանդների սպասարկման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ առողջապահության նախարարության կողմից վերապատրաստվել են ԲՄ-ի բժիշկներ և բուժքույրեր: Դա ՀՀ իշխանությունների կողմից մարզի առողջապահության ոլորտում կատարած շատ կարևոր ներդրում է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին, մարզում այդ կարևոր ներդրման համար: Մարզի առողջապահության ոլորտում ամենամեծ ներդրումն արվել է «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական կազմակերպության կողմից: Կազմակերպությունը «Վայքի ԲՄ»-ում կատարել է 100435 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որով ձեռք են բերվել բժշկական նոր սարքավորումներ և ԲՄ-ում վերելակ է տեղադրվել:

-Մարզպետարանի աշխատանքներում որո՞նք են լինելու 2018 թվականի առաջնահերթությունները: Ի՞նչ խնդիրների ու ծրագրերի վրա եք առաջնային կենտրոնանալու:

-Վայոց ձորի մարզի գերակա խնդիրները 17 կետով ձևակերպվել են մարզ զարգացման ռազմավարական ծրագրում, որոնք էլ կլինեն մարզպետարանի գործունեության առաջնահերթությունները: Դրանք են հանքարդյունաբերություն, աղբահանություն, ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և այլն: 2018 թվականին նախատեսվում է սեփականաշնորհված, բայց չգործող հինգ օբյեկտների վերապրոֆիլման միջոցով կազմակերպել նոր արտադրամասեր (ավտոլվացման կետ, առևտրի կետ, հասարակական սնունդ, հյութերի արտադրություն և այլն): Կներդրվի 80.0 մլն. դրամ, կստեղծվի 20-25 աշխատատեղ: Մասնավոր ներդրողների ֆինանսավորմամբ 2017 թվականին կատարվել է 799.3 մլն. դրամի աշխատանքներ` (հյուրանոցներ, ՀԷԿ, հանգստյան գոտիների կառուցում), իսկ 2018 թվականին նախատեսվում է կատարել 4 մլրդ 141 մլն դրամի աշխատանքներ` հյուրատների, բազմամետաղային հարստատուցիչ ֆաբրիկայի, Վայք քաղաքի արևային կայանի կառուցում, ինչպես նաև «Թուֆեկյան» ընկերության կողմից հյուրանոցի կառուցում Արենի գյուղում:

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ 2018 թվականին Եղեգնաձորում կներդրվի 400 մլն. դրամ՝ քաղաքի թիվ 1 դպրոցի շինարարության համար, 135 մլն. դրամ՝ Ռինդի մանկապարտեզի վերակառուցման և կոյուղու գծի կառուցման համար, 75.8 մլն. դրամ՝ Ագարակաձոր և Վարդահովտ բնակավայրերում օրական կարգավորող ջրավազանի (ՕԿՋ) կազմման համար: Թվարկված բոլոր ծրագրերում ՀՏԶ հիմնադրամի կողմից ներդրումը կազմում է 610.8 մլն. դրամ: Նախատեսվում է նաև 2018-2019 թ.թ. կառուցել և շահագործման հանձնել ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած և արդի պահանջներին համապատասխանող մարզային բժշկական կենտրոնի նոր շենքը:

-Աղբահանության և կոյուղու համակարգերի բարելավման խնդիրն օրակարգային է գրեթե բոլոր մարզերում: Վայոց ձորում այդ տեսանկյունից ի՞նչ իրավիճակ է: Իրավիճակի բարելավման համար այս տարի ի՞նչ աշխատանքներ են նախատեսված: Եթե չեմ սխալվում, նախատեսվում էր Եղեգնաձոր և Վայք քաղաքների կոյուղիների կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում:

- Նախ ներկայացնեմ Վայոց ձորի մարզում աղբահանություն և սանմաքրման վիճակը: Նշեմ, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով 2017 թվականին ստեղծվել է մարզային հանձնաժողով: Մարզային հանձնաժողովի կողմից համակարգվել են համապետական 3 շաբաթօրյակների շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացված աշխատանքները:

Մինչև 2017 թվականի մայիսի 27-ի շաբաթօրյակը ՀՀ Վայոց ձորի մարզում քարտեզագրվել և հատկորոշվել էր 129 աղբավայր: 2017 թվականի մայիսի 27-ին և դրանից հետո փակվել է քարտեզագրված և հատկորոշված 112 աղբավայր: Թվով 4 աղբանոցների փակման համար, որոնք ունեն փակման ենթակա աղբանոցների կարգավիճակ, ՀՀ կառավարության որոշմամբ նախագծահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով հատկացվել է 210 հազար դրամ. նախագծահետազոտական աշխատանքները ավարտվել են 2017 թվականի նոյեմբերի 8-ին՝ առկա է փորձաքննության եզրակացությունը: Աղբավայրերի փակման աշխատանքների մրցույթը տեղի կունենա 2018 թվականի առաջին եռամսյակում՝ կիրականացվեն շուրջ 7 մլն դրամի աշխատանքներ: Ներկայումս մարզի համայնքներում շահագործվում են 13 աղբավայրեր:

Իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների հետ 2017 թվականին կնքվել է 547 (61.18 տոկոսը) պայմանագիր, մյուս գործող 347 տնտեսվարող սուբյեկտների հետ ներկայումս տարվում են պայմանագրերի կնքման աշխատանքներ: Նախատեսվում է 2018 թվականին իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների հետ աղբահանության պայմանագրերի թիվը հասցնել 894-ի, այլ կերպ ասած՝ աղբահանության աշխատանքները կատարել 100 տոկոսով: Նախատեսվում է 2018 թվականին տնային տնտեսությունների հետ աղբահանության պայմանագրերի թիվը հասցնել 13160-ի, այլ կերպ ասած՝ աշխատանքները կատարել 80 տոկոսով:

Ինչը վերաբերում է Եղեգնաձոր և Վայք քաղաքների կոյուղիների կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքներին, արդեն հայտնի է, որ դրանք ներառված են մարզի գերակա խնդիրներում և ընդգրկվել են 2019-2021 թվականների Վայոց ձորի մարզի միջնաժամկետ ծախսային ծրագրերում:

-Պարոն մարզպետ, ընթացիկ տարում, Վայոց ձորում գործազրկության ինչպիսի՞ մակարդակ կա և մարզում ի՞նչ ներդրումային ծրագրեր են ակնկալվում, որոնք ուղղակի կամ անուղղակի ձևով կնպաստեն աշխատատեղերի ստեղծմանը:

-2017 թվականին մարզում գրանցվել են 1681 աշխատանք փնտրողներ, որը կազմում է նախորդ տարվա 80.5 տոկոսը, գործազուրկ են եղել 1147 մարդ, որը կազմում է նախորդ տարվա 74.6 տոկոսը: Ընդ որում մարզում գործազուրկների մեջ գերակշռում են կանայք, իսկ գյուղ-քաղաք կտրվածքով գործազրկության մակարդակը 4.6%-ով բարձր է քաղաքներում: Նշեմ, որ բնակչության զբաղվածության խնդիրների լուծման գործում կարևոր նշանակություն ունի «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործումը: 2017 թվականին հանքավայրում աշխատողների թիվը կազմել է 1453 մարդ, որից 777 մարզից են:

Առաջ անցնելով ասեմ, որ 2018 թ. Վայոց ձորի մարզում կանխատեսվում է 1400 նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորություն, որից 200 տեղ գյուղոլորտում, իսկ 1200 ժամանակավոր և մշտական աշխատատեղեր՝ շինարարության և արդյունաբերության ոլորտներում: Մարզում աղքատությունը կազմում է 18.8 տոկոս:

-Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում նշել էիք, որ զբոսաշրջությունը Վայոց ձորում բավական դինամիկ զարգացող ոլորտ է և, եթե, չեմ սխալվում, հայտարարված է գերակա ուղղություն: Կխնդրեմ ներկայացնեք այս ոլորտում վերջին տարիների դինամիկան:

-Իրապես, զբոսաշրջությունը Վայոց ձորի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: Մարզում առկա է շուրջ 1300 պատմամշակութային հուշարձաններ: Զբոսաշրջության զարգացմանը նպաստում են մարզում բազմաթիվ պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների, բնական տեսարժան վայրերի առկայությունը, բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությունը, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, Ջերմուկի հանքային ջրերի ճանաչելիությունը: Այս ամենով հանդերձ մարզը դարձել է զբոսաշրջության համար գրավիչ՝ տարվա չորս եղանակների համար: ՎՁ մարզում կարելի է առաջադրել զբոսաշրջության հետևյալ ուղղությունները՝ էկոտուրիզմ, գիտական տուրիզմ, բնական տուրիզմ, արկածային տուրիզմ (ժայռամագլցումներ, անձավագիտական տուրեր, լեռնային և հետիոտն երթեր, ձիավորություն լեռնային տարածքներով, կանյոնինգ, ձկնորսություն), պատմամշակութային տուրիզմ: 2016 թվականին մարզ են այցելել ներքին և արտաքին զբոսաշրջիկներ՝ 42000, 2017 թվականին զբոսաշրջիկների թիվն ավելացել է, հասնելով 46000-ի: Հուսանք, որ 2018 թվականին մարզ կայցելեն ավելի մեծ թվով զբոսաշրջիկներ, քան 2017թվականին:

Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի իրականացումը, Թուֆենկյան ընկերության կողմից Արենի գյուղում հյուրանոցային համալիրի կառուցումը, Եվրոմիության դրամաշնորհային միջոցներով 13 հյուրատների վերանորոգումը, Ջերմուկ քաղաքում երեք հյուրանոցների կառուցումը և վերակառուցումը, Վայք քաղաքում «Թայմուր» հյուրանոցի կցակառույցի կառուցումը նոր խթան կհանդիսանան զբոսաշրջության զարգացման համար: Կարծում եմ համոզվեցիք, որ զբոսաշրջության բնագավառում վերջին տարիներին Վայոց ձորի մարզում արձանագրվել է քանակական և որակական աճ: Նշեմ նաև, որ զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները, բարձրացել է մատուցվող ծառայությունների որակը: Մարզում այս պահին գործում է 17 հյուրանոց, 68 հյուրատուն և 8 առողջարան: Ջերմուկում խոշոր ներդրումներ են սպասվում տարբեր ուղղություններով, մասնավորապես, ճանապարհների ասֆալտապատում, քաղաքային զբոսայգու բարեկարգում, հեծանվուղու և սանհանգույցների կառուցում, Դելֆինի լճակի հարակից տարածքի, ինչպես նաև դեպի ջրվեժ տանող ճեմուղու բարեկարգում և այլն:

-Այս տարվա ընթացքում ի՞նչ ճանապարհաշինարարական ծրագրեր են նախատեսված:

-2018 թվականին մարզի ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների, արհեստական կառուցվածքների (կամուրջներ) հիմնանորոգման և վերանորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվում են հետևյալ աշխատանքները. Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 140-րդ կիլոմետրում 100 մետր հենապատի կառուցում, Մ2 Արենի-Խաչիկ-Գնիշիկ-Եղեգնաձոր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 63-րդ և 68-րդ կիլոմետրերում կամուրջների վերանորոգում, Արենի համայնքի կամրջի և ներհամայնքային ճանապարհի հիմնանորոգում, Գնդեվազի ներհամայնքային փողոցների բարեկարգում: Համաշխարհային բանկի միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել հետևյալ ճանապարհները և այլն: Նշեմ, որ մարզում կատարվում են նաև ներհամայնքային ճանապարհների բարեկարգում: Օրինակ՝ Զառիթափ խոշորացված համայնքի միջոցների հաշվին կիրականացվի համայնքի բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների բարեկարգում:

-Եթե կարելի է անդրադառնանք համայնքների խոշորացմանը: Համայնքների միավորման գործընթացից ի՞նչ դրական և բացասական կողմեր կառանձնացնեք: Արդյո՞ք դժգոհություններ կան կամ այս ընթացքում խնդիրներ եղել են:

-Մարզի 6 խոշորացված համայնքներում (2016թ.՝ Ջերմուկ, Վայք, Զառիթափ, 2017թ.՝ Արենի, Գլաձոր, Եղեգիս) ներկայումս ավելանում են բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական միջոցները, հետևաբար, զգալիորեն փոքրանում է միավոր ծառայության վրա կատարվող ծախսերը: Խոշորացումից հետո համայնքներում ընդգրկված բնակավայրերի բնակիչները կարող են օգտվել համայնքային բոլոր ծառայություններից հենց իրենց բնակավայրերում: Ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցության ապահովման սկզբունքի պահպանման առումով՝ աշխատանքներ են տարվում համայնքների զարգացման ծրագրերի շրջանակներում միկրոավտոբուսների ձեռք բերման ուղղությամբ, որը կապահովվի ներհամայնքային ուղղություններով տրանսպորտային կապի առկայությունը: Զառիթափի խոշորացված համայնքում արդեն իսկ ձեռք է բերվել միկրոավտոբուս. ներկայումս աշխատանքներ են տարվում ներհամայնքային տրանսպորտի սպասարկման ուղիների ճշգրտման ուղղությամբ:

Փոքր համայնքների տնտեսական և դեմոգրաֆիկ իրավիճակի վատացման կանխատեսվող հնարավոր ռիսկի տեսանկյունից կարող ենք արձանագրել, որ խոշորացման գործընթացից հետո չի արձանագրվել բնակավայրերի հնարավոր քայքայման որևէ դեպք կամ դրան նպաստող հիմք: Ավելին` ՏԻՄ-երի կողմից իրականացվող բոլոր ծառայություններն ավելի վերահսկելի և հասցեական են դարձել՝ ռեսուրսները գույքագրվել են, կատարելագործվում է ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցությունը: Հետևաբար` չկա նաև բնակավայրերից դեպի համայնքային կենտրոն, կամ խոշոր բնակավայրեր տեղափոխվելու միտում: Նախկին համայնքների աշխատակազմերում եղած մարդկային ռեսուրսներն օգտագործվել են հնարավորինս արդյունավետ:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում