Համապետական, մարզային ու մայրաքաղաքային. հայտնի է մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

10 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են բուռն թափով: Դրանք կունենան համապետական բնույթ, տոնին ներգրավված կլինեն մարզերը և իհարկե քաղաքամայր Երևանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, տոնական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի քարտուղար Վահե Ստեփանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է մինչ այժմ կատարված աշխատանքները, ծրագրված միջոցառումները և դրանց իրականացման համար բյուջեով նախատեսված գումարի չափը:

-Պարոն Ստեփանյան, ե՞րբ է տրվել հոբելյանական միջոցառումների մեկնարկը, որի համար ստեղծված է պետական հանձնաժողով:

- Այո, ՀՀ Նախագահի 2017 թվականի ապրիլի 21-ի հրամանագրով ստեղծվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ։ ՀՀ վարչապետի մոտ 2017 թվականի մայիսի 12-ին կայացավ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատ­րաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ։

Նիստում քննարկումների արդյունքում որոշվել է հանձնարարել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին և առաջարկել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին, ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հայեցակարգային մոտեցումները, իսկ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին հանձնարարել՝ ՀՀ կառավարության աշխատակազմի հետ համատեղ ամփոփել միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժո­ղովի անդամներից ստացված հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ գրավոր առաջարկությունները և ըստ այդմ հաջորդ նիստին ներկայացնել միջոցառումների ծրագրի նախագիծ։ Նշված հանձնարարականները կատարվել են և կազմվել է տոնին նվիրված միջոցառումների ծրագրի նախագիծը։

- Ինչպիսի՞ն է միջոցառումների ծրագիրը: Խնդրում ենք ներկայացնել հոբելյանական հանդիսությունների աշխարհագրությունը:

- Միջոցառումների ծրագրի նախագիծը պայմանականորեն բաժանված է 3 մասի, որոնք են. տոնին նվիրված խոշոր համապետական միջոցառումներ, միջոցառումներ՝ ըստ ՀՀ մարզերի և իհարկե Երևան քաղաքում անցկացվելիք միջոցառումներ։

Միջոցառումների ծրագրի նախագծով նախատեսված է կազմակերպել և անցկացնել՝ Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա՝ այցելություններ հուշահամալիր և հանդիսավոր միջոցառումներ Սարդարապատի հուշահամալիրում՝ բեմականացումներով տոնական միջոցառումների կազմակերպում, Հայաստանի պատմության թանգարանում՝ ցուցահանդես «Հայաստանի առաջին հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» վերտառությամբ, միջազգային գիտաժողով՝ նվիրված Մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին, մեծ համերգ Երևանում՝ Հանրապետության հրապարակում, «Սարդարապատից Արցախ» խորագրով համահայկական շարադրության և նկարչության մրցույթ հանրակրթական ուսումնական հաստատություններում (ներառյալ սփյուռքահայ համայնքներում), 100-ամյակի կարգախոսի և խորհրդանիշի հաստատում (մրցութային կարգով)՝ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ընդհանրության, հանրության շրջանում անկախ պետականության, ազգային միասնության և հաղթանակի ուղերձների միասնական ընկալումների ձևավորման նպատակով (աշխատանքները արդեն իսկ ավարտված են), տոնական միջոցառումներ 10 մարզկենտրոններում. համերգային ծրագիր` հանրաճանաչ պարային համույթների, երգիչ/երգչուհիների մասնակցությամբ և հրավառություն:

Բացի դրանից, ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Առաջին Հանրապետության 100-ամյակը» խորագրով առանձին բաժին, նախատեսվում է հավաքագրել և հրապարակել Առաջին Հանրապետությանը նվիրված պատմավավերագրական նյութեր՝ դրանք լայնորեն տարածելով նաև Սփյուռքի լրատվամիջոցներում:

Նախատեսվում է Հայաստանի հանրային ռադիո և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունների կողմից իրականացնել գրաֆիկական խորհրդանշական ձևավորումներ, «Առաջին հանրապետություն 100» հաղորդումների շարք՝ նվիրված 1-ին Հանրապետության անկախության կայացմանը և ձեռքբերումներին, խոշոր միջոցառումների հեռարձակում, ցուցադրել օրվա խորհուրդը կրող այլ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր:

ՀՀ մարզերի մշակութային և կրթական կազմակերպություններում նախատեսվում է իրականացնել տոնին նվիրված այլ միջոցառումներ.

Համերգային և թատերահամերգային ծրագրեր են կազմակերպվելու Երևանի վարչական շրջաններում, ինչպես նաև կազմակերպվելու են վետերանների, արցախյան հերոսամարտի մասնակիցների մեծարման հանդիսավոր միջոցառումներ։

-Որքա՞ն գումար է տրամադրվելու պետական բյուջեից նախատեսված տոնական հանդիսությունների ու միջոցառումների համար:

-ՀՀ Նախագահի 2017 թվականի ապրիլի 21-ի հրամանագրով ստեղծված տոնական միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովին հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիրը՝ կցելով դրա իրականացման նախահաշիվը, ինչպես նաև ՀՀ կառավարությանը հանձնարարվել է սահմանված կարգով 2018 թվականի պետական բյուջեով նախատեսել տոնին նվիրված միջոցառումների անցկացման համար ֆինանսավորման անհրաժեշտ միջոցներ, որի հիման վրա տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված է 700 մլն դրամ։

- Ինչպիսի՞ միջազգային ներգրավվածություն կունենան տոնակատարությունները, ներկայացուցչական ի՞նչ պատվիրակություններ կժամանեն Հայաստան:

- ՀՀ ԱԳՆ համապատասխան հանձնարարականներ է ուղարկել արտերկրում ՀՀ դեսպանություններին և մշտական ներկայացուցչություններին՝ իրազեկելու սփյուռքի հայկական համայնքներին Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ:

Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ առկա ծրագրերի նախագծերը առաքվել են Սփյուռքի համայնքներին, ՀՀ սփյուռքի նախարարությունը Սփյուռքի համայնքներին պարբերաբար կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100 և Երևանի հիմնադրման 2800 ամյակներին նվիրված միջոցառումների վերաբերյալ` հորդորելով նմանատիպ միջոցառումներ կազմակերպել նաև համայնքներում:

ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական www.mindiaspora.am կայքում բացվել է «Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակ» բաժինը, որտեղ տեղադրվել է ՀՀ Նախագահի 2017 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով ստեղծելու մասին» հրամանագիրը, նախատեսվում է տեղադրել նախատեսված խոշոր միջոցառումների ծրագիրը, ՀՀ մարզային միջոցառումների ծրագիրը, մարզային համերգների ժամանակացույցը, երևանյան միջոցառումների ծրագիրը և այլն:

- Ներկայումս միջոցառումների կազմակերպման աշխատանքները ո՞ր փուլում են:

- Ինչպես նշեցի, արդեն ամփոփված են Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված կարգախոսի և խորհրդանիշի մրցույթի արդյունքները՝ մրցույթում 1-ին մրցանակին է արժանացել «Մեցցո փրոդաքշն» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Գայանե Սաղոյանի հեղինակած աշխատանքը, 2-րդ մրցանակին արժանացել է Կարապետ Փաշյանի աշխատանքը, իսկ խրախուսական մրցանակին՝ «Ֆեքթըրի փրոդաքշն» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Վազգեն Պողոսյանի հեղինակած աշխատանքը։

ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում բացվել է «Առաջին Հանրապետության 100-ամյակը» խորագրով առանձին բաժին։ Լրամշակման փուլում է գտնվում ՀՀ Նախագահի 2017 թվականի ապրիլի 21-ի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի ուղերձը՝ նվիրված տոնին։ Կազմվել է ՀՀ բոլոր 10 մարզերում կազմակերպվող համերգների ժամանակացույցը, պայմանավորվածություններ են ձեռք բերվում անվանի կատարողների և երաժշտական կոլեկտիվների հետ համերգներում մասնակցելու հետ կապված։ Կազմակերպական աշխատանքները ընթացքի մեջ են (ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի մոտ պարբերաբար կազմակերպվում և անց են կացվում խորհրդակցություններ՝ տոնական միջոցառումների կազմակերպման հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ)։

Լիլիթ Ասատրյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում