Տնտեսություն

Նախարարությունն առաջարկում է ներկրող կազմակերպություններին ստանձնել Հայաստան եկող յուրաքանչյուր դեղանյութի որակի վերահսկողությունը

2 րոպեի ընթերցում

Նախարարությունն առաջարկում է ներկրող կազմակերպություններին ստանձնել Հայաստան եկող յուրաքանչյուր դեղանյութի որակի վերահսկողությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ներմուծվող դեղերի ստուգումը, վերահսկողությունը կստանձնեն ոչ թե պետական կառույցները, այլ հենց դեղ ներկրող կազմակերպությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը խոսեց առաջարկվող փոփոխության մասին, որը ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ:

«Մենք հեշտացնում ենք գործարարների աշխատանքը, սակայն դեղերի դեպքում չի կարելի աշխատել պարզունակ մեխանիզմներով: Դեղի որակի, անվտանգության, արդյունավետության վերահսկողության համար պետական մարմինների միջամտության կարիք կա: Հավասարակշռությունը պահպանելու համար մենք քննարկումներ ենք անցկացրել և որոշել անցում կատարել եվրոպական տարբերակին: Եթե նախկինում դեղերի ներմուծումը իրականացվում էր պետական կառույցների ստուգմամբ և վերահսկողությամբ, ապա առաջարկվող փոփոխությամբ ներմուծող կազմակերպությունն իր մասնագետների և կարողությունների միջոցով պետք է իրականացնի ներկրվող յուրաքանչյուր դեղանյութի վերահսկողությունը: Ներկրող կազմակերպությունը պետք է ստուգի որակը, անվտանգությունը, և շուկայում դեղի վաճառքի պատասխանատվությունը վերցնի իր վրա»-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ պետական կառույցներն այլևս դրանով չեն զբաղվի, սակայն կիմանան, թե ինչպես է դա արվում:

Կազմակերպությունները կարող են ունենալ սեփական լաբորատորիաներ և իրականացնել դեղի ստուգում կամ պայմանագիր կնքել դաշտում լիցենզավորված այլ լաբորատորիայի հետ, որը կիրականացնի այն: «Բյուրոկրատական գործընթացները կրճատվում են, դեղի ներմուծումը դառնում է շատ ավելի պարզ: Եվ կարծում եմ, որ մոտ ժամանակներս փոփոխությունը կհաստատվի»,-եզրափակեց Խաչատրյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում