Բրունո Մարսը «Գրեմմիի» է արժանացել վեց անվանակարգում
3 րոպեի ընթերցում
![Բրունո Մարսը «Գրեմմիի» է արժանացել վեց անվանակարգում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920627.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Ամերիկյան ձայնագրման ազգային ակադեմիայի հեղինակավոր «Գրեմմի» մրցանակաբաշխության հաղթողները: Ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ Բրունո Մարսը «Գրեմմիի» է արժանացել երեք գլխավոր «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ալբոմ» անվանակարգերում, ինչպես նաև երեք այլ անվանակարգերում: Մրցանակաբաշխությունն անցկացվել է հունվարի 29-ին Նյու Յորքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գրեմմի» մրցանակաբաշխության 60-րդ արարողությանը «Լավագույն փոփ կոմպոզիցիա» է ճանաչվել Էդ Շիրանի «Shape of You» երգը։ Նա «Գրեմմիի» է արժանացել նաև«Լավագույն սոլո փոփ ալբոմ»-ի համար։
«Լավագույն ռոք ալբոմ» էհամարվել The War On Drugs խմբի «A Deeper Understanding» սկավառակը։ The Rolling Stones խումբը «Գրեմմի» է ստացել «Blue&Lonesome» ալբոմի համար՝ «Լավագույն ավանդական բլյուզ ալբոմ»անվանակարգում։ Շաքիրայի «El Dorado» ձայներիզը «Գրեմմիի» է արժանացել «Լավագույն լատին փոփ ալբոմ» անվանակարգում։
«Լավագույն ուրբան ալբոմ» է ճանաչվել The Weeknd-ի՝ «Starboy»-ը:«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է Foo Fighters-ի «Run» ստեղծագործությունը։ Քենդրիք Լամարի «Humble» երգի հոլովակը «Լավագույն տեսահոլովակ» է ճանաչվել։ Այս երգը մրցանակ է ստացել նաև «Լավագույն ռեփ երգ և լավագույն ռեփ կատարում» անվանակարգերում։ Depeche Mode խմբի «You Move (Latroit Remix)» երգը «Գրեմմիի» է արժանացել «Լավագույն ռեմիքսի» համար։ «Տարվա պրոդյուսեր» է ճանաչվել Քրեգ Քուրսթինը:
«Լավագույնժամանակակից դասական ստեղծագործություն» և «Լավագույն երգչախմբային ստեղծագործություն» անվանակարգերում ներկայացված հայ մեծանուն կոմպոզիտորՏիգրան Մանսուրյանը («Ռեքվիեմ») և «Լավագույն դասական սոլո վոկալային ալբոմ» անվանակարգում ներկայացված Դմիտրի Խվորոստովսկին ևԿոնստանտին Օրբելյանը (Sviridov: Russia Cast Adrift), ցավոք, մրցանակների չեն արժանացել:
«Գրեմմի»Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակը հիմնվել է 1958 թվականի մարտի 14-ին ԱՄՆ ձայնագրման ընկերությունների ասոցիացիայի կողմից։ Այն հանդիսանում է ժամանակակից երաժշտական արդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակը: Այն կարելի է համեմատել կինեմատոգրաֆիայի«Օսկար» մրցանակի հետ։ «Գրեմմի» մրցանակաբաշխության առաջին արարողությունը տեղի է ունեցել 1959 թվականի մայիսի 4-ին: