Ինձ հաջողվեց Հայաստանի առաջնությունում որակյալ պարտիաներ խաղալ. Հայկ Մարտիրոսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունն ամեն տարվա առաջին և ամենաորոշիչ մրցաշարերից մեկն է: Այս տարվա մրցաշարը ևս լարված էր, համառ պայքարով հարուստ: Գաբրիել Սարգսյանից հետո, ով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 17 տարեկանում, Հայկ Մարտիրոսյանն ամենաերիտասարդ Հայաստանի չեմպիոն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայկը խոսեց առաջնության, Հայաստանի չեմպիոնության և առաջիկա անելիքների մասին:

-Ամփոփելով Հայաստանի տղամարդկանց 78-րդ առաջնությունը՝ ինչպիսի՞ն էր այն ձեզ համար:

-Շատ հետաքրքիր առաջնություն ստացվեց ինձ համար: Առավել հետաքրքիր էր, քան նախորդ տարի: Ուժեղ պայքար էր գնում հատկապես Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Սկզբում երեք անընդմեջ ոչ-ոքի խաղացի, իսկ Ռոբերտը երեք հնարավորից երեք հաղթանակ էր տոնել: Արդեն զգացի, որ եթե նորից ոչ-ոքի խաղամ, ապա կարող եմ նորից հետ ընկնել և դժվար կլինի չեմպիոնի կոչման համար պայքարել: Այս իսկ պատճառով սկսեցի ավելի ակտիվ խաղալ, անընդհատ սրում էի խաղը և 4 անընդմեջ հաղթանակներ տարա: Ամեն հաղթանակից հետո ավելի շատ էի հավատում, որ կդառնամ Հայաստանի չեմպիոն: Շատ լավ մրցաշար ստացվեց:

-Շախմատում չորս անընդմեջ հաղթանակները հեշտ չեն տրվում: Ինչպե՞ս ստացվեց ձեր պարագայում:

-Իմ մարզիչը` Աշոտ Անաստասյանը, շատ մեծ դեր է ունեցել այս հաղթանակում: Ցավոք, նա հիմա ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց հոգեպես միշտ զգացել եմ նրա ներկայությունը: Ամեն քայլ անելիս, ամեն անգամ պատրաստվելիս միշտ հիշում եմ նրա խոսքերը. «Չլարվել և հոգեբանորեն ավելի ճիշտ մոտենալ»: Միշտ փորձում եմ հանգիստ գործել, եթե մրցակիցս ակտիվ է, եթե ոչ, ապա հակառակը: Ամեն հաղթանակից հետո լարվածություն չեմ զգացել, վստահությունս էր ավելանում: Ինձ հաջողվեց Հայաստանի առաջնությունում որակյալ պարտիաներ խաղալ:

-Հայաստանի առաջնության վարկանիշը շատ բարձր էր, սակայն ո՞ր պարտիաները դուք հիմնականում կառանձնացնեք:

-Կարելի է ասել, որ բոլորն էլ հիմնական և կարևոր էին: Քանի որ մինչև վերջին տուրը կարող էի ձախողվել և չեմպիոն չդառնալ: Այս իսկ պատճառով ամեն մի պարտիան իր կարևորության աստիճանն ունի:

-Առաջնության համար ամենակարևոր տուրը վերջինն էր: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:

-Ընտանիքիս անդամները շատ էին հանգստացնում, որ լարվածություն չլիներ: Քանի որ երբ շախմատիստը լարվում է, սկսվում է անհաջողությունների շրջանը: Ոչ այնքան հաջող սկզբնախաղ ընտրեցի, սակայն ուզում էի պինդ դիրք ստանալ, որ մրցակցիս համար դժվար լիներ հաղթել: Ռոբերտին չհաջողվեց, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Ռոբերտ Հովհաննիսյանը շատ լավ շախմատիստ է և որակյալ պարտիաներ է խաղում, ինչպես նաև աշխարհի թիմային առաջնության չեմպիոն է:

-Դուք դեռ 18-ը չեք բոլորել: Արդյոք պատասխանատվության զգացումը մեծ չէ՞:

-Հիմա այն տարիքում եմ, որ հաջողության պետք է հասնեմ հենց այս տարիքում: Եթե մեծանաս, գուցե ուշ լինի: Մինչև 20 տարեկան պետք է աճ գրանցել: Հիմա փորձում եմ հնարավորինս լավ աշխատել, որ բարձր վարկանիշ ունենամ:

-Հայկ, մեր նախորդ զրույցում ասացիք, որ ձեր երազանքը հավաքականում խաղալն է, այն իրականացավ…

-Ես այնպիսի երազանքներ եմ դնում իմ առաջ, որոնք կարող եմ իրականացնել: Անհնարին բան չեմ դնում, որ ինքս ինձ չխաբեմ: Հաջորդ երազանքս հավաքականի կազմում չեմպիոն դառնալը կլինի:

-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար:

- Առաջիկայում փետրվարին կմասնակցեմ «Աէրոֆլոտ օփեն»-ին, որն ուժեղ մրցաշար է և բարձր վարկանիշ ունի` 2550: Միայն պրոֆեսիոնալ գրոսմայստերներն են մասնակցում այս մրցաշարին: Նաև ցանկություն ունեմ մասնակցելու Եվրոպայի անհատական առաջնությանը:

Հարցազրույցը վարեց

Վարվառա Հայրապետյանը

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում