Թեւան Պողոսյանը հարցականի տակ է դնում թանկացումների դեմ «Ելք»-ի քայլերի արդյունավետությունը
2 րոպեի ընթերցում
![Թեւան Պողոսյանը հարցականի տակ է դնում թանկացումների դեմ «Ելք»-ի քայլերի արդյունավետությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/01/920092.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, փորձագետ Թեւան Պողոսյանը հարցականի տակ է դնում թանկացումների դեմ «Ելք»-ի քայլերի արդյունավետությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նա դրական գնահատեց այն, որ «Ելք» դաշինքի գործողություններն ի վերջո բերեցին այդ թեմայով քննարկումների ծավալմանը, սակայն մյուս կողմից հարցական է մնում վերջնական արդյունքը:
«Մենք արհեստական թանկացումների դեմն առնող հատուկ կառույցներ ունենք: Նրանք պետք է անհիմն թանկացումներ սկսած ձեռնարկատերերին ասեն, որ հաշվարկել են, տեսել, որ այդ կառույցը գերշահույթներ է ստացել: Մենք ունենք ընդհանուր խնդիր, եւ դա այն է, որ մեր տնտեսական զարգացման մոդելը սխալ է»,-ասաց Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ թեպետ «Ելք»-ի շնորհիվ՝ խմբակցության 9 պատգամավորները բարձրաձայնում են թանկացումների մասին, գործողություններ են նախաձեռնում նաեւ փողոցում, այնուամենայնիվ արդյունավետության հարցը բաց է մնում:
«Եթե նույնիսկ խորհրդարանական 12 լսումներ էլ կազմակերպվեն, բայց դրանց հիման վրա օրենսդրական փոփոխություններ տեղի չունենան, ոչինչ չի փոխվի»,- ասաց նա՝ նշելով, որ կառավարության առջեւ պետք է դնել տնտեսական մոդելի զարգացման հարց: