ՀՀ վարչապետի օրակարգը Դավոսում չափազանց հագեցած է լինելու

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավոսի ֆորումը այն հարթակն է, որտեղ յուրաքանչյուր երկրի ներկայացուցչի ձայնն առավելապես լսելի է: Դավոսի համաժողովին Հայաստանի մասնակցությունը նաև կարևոր է երկրի ընդհանուր առաջխաղացման և իմիջի բարձրացման տեսանկյունից։ Այս մասին նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

-Մի քանի տարի ընդմիջումից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որին մասնակցում են գերտերությունների, համաշխարհային կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Ի՞նչ կտա մասնակցությունը Հայաստանին: Քննարկվելիք հարցերից որո՞նք են մեր երկրի համար առավել նշանակալի:

-Իրականում դժվար է գերագնահատել Դավոսի տնտեսական համաժողովի կարևորությունը ու նշանակությունը: Կարծում եմ այստեղ կարող ենք առանձնացնել 2 հիմնական ուղղություն: Առաջինն այն է, որ այս հարթակում գլոբալ օրակարգի, ներկայիս համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ քննարկումների մաս կազմելու և այդ հարցերի շուրջ Հայաստանի տեսակետը ներկայացնելու հնարավորությունն է, քանի որ Դավոսի ֆորումը այն հարթակն է, որտեղ յուրաքանչյուր երկրի կամ ընկերության ներկայացուցչի ձայնը առավելապես լսելի է:

Երկրորդ կետը, որը կցանկանայի ընդգծել այն է, որ այս հարթակը բնականաբար շատ լավ հնարավորություն է մեկ վայրում հանդիպումներ ունենալ բազմաթիվ երկրների և խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև նոր կապեր և հնարավորություններ ձևավորել՝ թե՛ քաղաքական, թե՛ առավելապես տնտեսական առումով։ Ամեն հանդիպում տալիս է նոր ծրագրեր քննարկելու հնարավորություն և մենք յուրաքանչյուր հանդիպման հետ կապված ունենք առանձին օրակարգ և յուրաքանչյուր գործընկերոջը հետաքրքիր առաջարկներ:

Իհարկե ավելորդ է խոսել նրա մասին, որ Դավոսի համաժողովին Հայաստանի մասնակցությունը նաև կարևոր է երկրի ընդհանուր առաջխաղացման և իմիջի բարձրացման տեսանկյունից։ Իրականում այս ամենը իրականություն դարձնելու համար երկար ամիսների հետևողական աշխատանք է տարվել:

-Գլոբալ տնտեսության մարտահրավերներին դիմակայելու խնդիրների լուծման գործում ինչպիսին կարող է լինել Հայաստանի ներդրումը:

-Կարծում եմ, որ որոշ հարցերում Հայաստանն ունի համեմատական առավելություն այդ խնդիրների լուծման ուղղությամբ պիլոտային ծրագրեր իրականացնելու հարցում։ Օրինակ, ինչպես հայտնի է, Հայաստանը կազմում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներին հասնելու գլոբալ օրակարգի մաս։ Այդ նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը քննարկել և սահմանել է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ սկզբունքներն ու նախնական գործիքակազմը։ Ի լրումն, ՀՀ կառավարությունը՝ ՌՆԿ-ի միջոցով, և ՄԱԿ-ի զարգացման գործակալությունը համատեղ ստեղծել են ԿԶՆ Ինովացիոն Լաբորատորիա, որն իրականացնելու է տարբեր վերլուծություններ և փորձարկումներ, որոնց նպատակն է առաջարկել լուծումներ, թե ինչպես կարելի է հասնել համապատասխան նպատակին, հաշվի առնելով սահմանափակ ռեսուրսները և ստանալ անհամաչափ դրական արդյունք` հաշվի առնելով կատարված ներդրումները։ Ընդ որում, այս մոդելը ՄԱԿ-ի զարգացման գործակալության կողմից դիտարկվել է որպես ինովացիոն լուծում և մեր ընդհանուր նպատակն է այս մոդելի կիրառումը հնարավոր դարձնել նաև այլ երկրներում։

-Ի՞նչպիսի պատվիրակությամբ և երբ կկայանա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Դավոս:

-Վարչապետը մեկնելու է Շվեյցարիա հունվարի 22-ին: Նրա գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Էրիկ Գյուլազյանը:

-Կա՞ն արդեն պլանավորված հանդիպումներ այլ երկրների, միջազգային կառույցների պատվիրակների հետ:

-Նախատեսված են վարչապետի մի շարք հանդիպումներ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափում: Հանդիպումներ են լինելու տարբեր երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ տնտեսական հարաբերություններ, հանդիպելու ենք տարբեր խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց, մենք գտնում ենք, որ որոշակի առումով կարող է հետաքրքրիր լինել Հայաստան մուտք գործելը կամ որոնց մեր երկիրը գործնական առաջարկներ կարող է անել։ Բացի այդ, բնականաբար, վարչապետը մասնակցելու է նաև ընդհանուր՝ այսպես ասած գլոբալ օրակարգի վերաբերյալ պատվիրակությունների ղեկավարների քննարկումների ու հավաքների, մասնավորապես՝ ֆորումի ամենաբարձր մակարդակի նիստին՝ Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL): Այնպես որ Կարեն Կարապետյանի օրակարգը Դավոսում չափազանց հագեցած է:

Հարցազրույցը՝ Անի Նազարյանի

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում