Սպորտ

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարն Արարատի մարզին տվեց նոր չեմպիոններ

2 րոպեի ընթերցում

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարն Արարատի մարզին տվեց նոր չեմպիոններ

ԱՐՏԱՇԱՏ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անդրանիկ Մարգարյանի՝ պատանիների եւ աղջիկների 8-րդ հուշամրցաշարում իր տարիքային խմբում ծնվեց մի նոր աստղ՝ Վեդիի տարածաշրջանից ութամյա Նարեկ Ղազարյանը /մարզիչ՝ Երվանդ Գաբրիելյան/: Իր տարիքային խմբում 9 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ նա հռչակվեց այդ հուշամրցաշարի չեմպիոն: Նորընծա չեմպիոնն արժանացավ ոսկե մեդալի, պատվոգրի եւ դրամական պարգեւի:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շախմատի ֆեդերացիայի Արարատի մարզի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը նշեց, որ Արարատի մարզին փայլուն արդյունք բերեց նաեւ Հայաստանի չեմպիոն այգեպատցի 12-ամյա Արշակ Մելքոնյանը: Այս տարի նա հանդես եկավ 18 տարեկանների խմբում եւ ցույց տվեց գերազանց արդյունք. 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ միանձնյա ճանաչվեց մրցաշարի հաղթող: Ընդգծենք, որ նա չկրեց ոչ մի պարտություն: 12-ամյա շախմատիստն իր միջազգային կարգի վարկանիշը բարձրացրեց 90 կետով:

Հաղթարշավը շարունակեցին նաեւ մյուս մասնակիցները, ովքեր եւս բարձրացրին իրենց որակավորման կարգերը եւ անձնական վարկանիշները:

Հայաստանի շախմատի ակադեմիայում հունվարի 9-17-ն անցկացված հուշամրցաշարին Արարատի մարզը ներկայացրեց 4 տարածաշրջանի 42 շախմատիստ: Մրցումներն անցկացվեցին 5 տարիքային խմբերի միջեւ: Այդ մրցաշարում փայլուն արդյունք ցույց տվեցին Ալբերտո Աթոյանը /Արտաշատ/, Գրիգոր Դավթյանը /Արտաշատ/, Հակոբ Հայրապետյանը /Վեդի, Գոռ Ավետիսյանը /Արտաշատ/, Անդրանիկ Աբելյանը /Շահումյան/, Նորայր Հակոբյանը /Այգեստան/, այլք:

Մարտիրոսյանն իր խոսքում նշեց նաեւ, որ այս նվաճումների համար պարտական ենք մարզիչների հետեւողական, ամենօրյա մարզումներին: «Ասում եմ՝ ամենօրյա, որովհետեւ եթե շախմատիստը մի օր չզբաղվի ու չմարզվի, շախմատի տախտակի շուրջ կնահանջի: Ես գնահատում եմ այս արդյունքները, սակայն մենք չենք բավարարվում ձեռք բերածով, շարունակում ենք նորանոր բարձունքների նվաճումը:

Լիլիթ Մաճկալյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում