ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական սպառնալիքների համակողմանի վերլուծության և ժամանակին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ՀՀ Ազգային անվտանգության մարմինների աշխատողները կարողացել են կանխել թե՛ իրական ահաբեկչական վտանգները, թե՛ դրանց հետ սերտորեն կապված մի շարք հանցավոր դրսևորումներ:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Միջազգային հեղինակավոր կառույցների դիտարկումներով, ինչպես նաև հենց մեր փորձագետների գնահատականներով, առաջիկա տարիներին ահաբեկչական սպառնալիքների նվազման միտումներ չեն կանխատեսվում: Այդ տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը մշտապես գնահատվել է որպես համեմատաբար անվտանգ երկիր: Այդուհանդերձ, չենք կարող բացառել, որ մեր պետության աշխարհագրական դիրքով, մեր յուրօրինակ արտաքին միջավայրով կամ թերևս զբոսաշրջիկների թվի աճով պայմանավորված՝ կգտնվեն ուժեր, որոնք կփորձեն իրենց նկրտումները Հայաստանում իրագործել հենց այդ եղանակով:
Հետևաբար, այս չարիքի դեմ պայքարում պետք է ցուցաբերենք առավելագույն զգոնություն, պետք է սերտորեն համագործակցենք մեր դաշնակիցների և այլ շահագրգիռ ծառայությունների հետ: Մեր երկիրը լինելու է բաց, զբոսաշրջությունը մեր տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկն է: Ավելին, տարբեր երկրների հետ մուտքի արտոնագրերի դյուրացումն ու ազատականացումը լինելու է շարունակական գործընթաց: Ուստի, դուք պետք է մշտարթուն լինեք: Գտնում եմ, որ հակաահաբեկչական ոլորտում ձեր գործողություններն անհրաժեշտ է երիցս աշխուժացնել»,- նշել է ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ տարվող պայքարի մեթոդներն ու միջոցները անհրաժեշտ է պարբերաբար կատարելագործել: Նրա խոսքով՝ միայն այս դեպքում կկարողանանք ավելի արդյունավետ պաշտպանել մեր քաղաքացիներին և պետական կառույցները, ընդ որում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:
«Կարծում եմ՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստում մի քանի օր առաջ քննարկված խնդիրների օպերատիվ և գրագետ լուծումների շնորհիվ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել այդ չարիքին հակազդելու մեր կարողությունը: Նաև գտնում եմ, որ կառավարման նոր կարգի առանձնահատկություններով պայմանավորված՝ ապագա գործադիրի օրակարգում առաջնային հարցերից մեկը լինելու է ահաբեկչության դեմ պայքարի ներկայիս ռազմավարության վերանայումը՝ այն արդիականացնելու և ժամանակի պահանջներին համահունչ ու առավել ճկուն դարձնելու համար»,- նշել է ՀՀ Նախագահը:
Նա ընդգծել է, որ ահաբեկչության տարատեսակներից մեկի՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի փորձը ցույց է տալիս, որ դրա սպառնալիքները նույնպես չեն պակասում: «Մենք պետք է աչալուրջ վերաբերվենք ընդհանուր առմամբ կիբեռանվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով, թե ինչ կարևորություն է ստանում տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը մեր կյանքում:Արդի աշխարհում տեղեկատվական ցանցերը դարձել են յուրաքանչյուր պետության կարևոր ենթակառուցվածքներից մեկը: Դրանց բնականոն գործունեությունը կենսական է թերևս բոլոր բնագավառների համար: Այս ոլորտը մեր տնտեսության կարևոր առաջնահերթություններից մեկն է, որտեղ զարգացման մեծ ներուժ և հեռանկար կա: Ակնհայտ է, որ այս բնագավառում մեր հաջողություններին զուգահեռ աճելու է նաև նման հարձակումների քանակը»,- ասել է Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահի համոզմամբ՝ պետք է հանցավոր ուժերից պաշտպանենք ինչպես մեր երկրի ֆիզիկական, այնպես էլ թվային ենթակառուցվածքները: Նա նշել է, որ միայն 2017 թվականի ընթացքում Ազգային անվտանգության մարմինների աշխատողների կողմից կանխվել է պետական մարմինների տեղեկատվական համակարգեր և պաշտոնական կայքեր անօրինական մուտք գործելու կամ այլ հարձակումների շուրջ 1.5 միլիոն փորձ:
«Խոսքս, իհարկե, միկրոխնդիրների մասին չէ: Մենք չենք պատրաստվում պարզունակ լուծումներ տալ՝ սահմանափակելով խոսքի ազատությունը կամ տեղեկատվություն հաղորդելու կամ տարածելու իրավունքը: Ինտերնետի գրաքննություն Հայաստանում չի լինելու, օրենքով չարգելվածը՝ թույլատրված է: Համոզված եմ, որ Հայաստանի հասարակությունն այնքան հասուն է, որ կարող է այս միկրոխնդիրները լուծել ինքնակարգավորման մեխանիզմով»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նա շեշտել է, որ Ազգային անվտանգության մարմինները պետք է գործեն միջազգային իրավունքի և լավագույն միջազգային փորձի շրջանակներում: Այստեղ հատկապես կարևոր է միջազգային համագործակցությունը, պետք է պատրաստ լինել քննարկելու նաև այս բնույթի համագործակցության բոլոր առաջարկությունները:
«Մակրոմակարդակում, անշուշտ, անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել տեղեկատվական և հաղորդակցային կենսական ենթակառուցվածքների պաշտպանությունը: Այդ ենթակառուցվածքների շարքում են առաջին հերթին պետության պաշտպանության և անվտանգության համար օգտագործվող տեղեկատվական և հեռահաղորդակցության միջոցները, ինչպես նաև ֆինանսատնտեսական համակարգի բնականոն աշխատանքը և կայունությունն ապահովող ցանցերը:
Լավագույնս պետք է պաշտպանված լինեն տվյալների պետական շտեմարանները և ցանցերը, որոնց հանդեպ հանցավոր արտաքին հետաքրքրությունն ու ոտնձգություններն անխուսափելի են: Այդպիսի ոտնձգություններ կարող են լինել ինչպես հակառակորդ պետությունների և կազմակերպված ահաբեկչական կամ այլ տեսակի խմբերի, այնպես էլ անհատ, այսպես ասած, «պարտիզանների» կողմից: Մեր մասնագետները նրանցից պետք է առնվազն մեկ-երկու քայլ առաջ լինեն՝ ժամանակին իրագործելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները»,- ասել է ՀՀ Նախագահը:
Նա ընդգծել է, որ վերջերս իր կարգադրությամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի» պատշաճ իրագործումը կուժեղացնի այս ոլորտում առկա գործիքակազմը, ինչը խիստ կարևոր է արդի բարձր տեխնոլոգիաների անընդհատ զարգացման պայմաններում: