Երուսաղեմի ճակատագիրը վճռելիս քրիստոնյաների շահերը հաշվի չառնելը կոպտագույն սխալ կլինի. իրանագետ
3 րոպեի ընթերցում
![Երուսաղեմի ճակատագիրը վճռելիս քրիստոնյաների շահերը հաշվի չառնելը կոպտագույն սխալ կլինի. իրանագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/916579.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով ` փորձ է արվում ծխացող հակամարտությունը բորբոքել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այսպես է կարծում իրանագետ Վարդան Ոսկանյանը: «ԱՄՆ նախագահ Թրամփի քայլը սադրիչ էր, դրանով Մերձավոր Արևելքում կրկին բորբոքվում է լարվածության օղակ, ինչպիսին է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Այն, կարծես թե, թեժ փուլից անցել էր խաղաղ փուլի` հաշվի առնելով Մերձավոր Արևելքի այլ տարածքներում առկա հակամարտությունները: Ստացվում է, որ Մերձավոր Արևելքի մի հատվածքում հակամարտության հրդեհը հաջողվում է հանգցնել, օրինակ, Սիրիայում, Իրաքում, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը մատնվեց պարտության, մյուս կողմից` ինչ-ինչ ուժերի կողմից ծխացող հակամարությունները բորբոքվում են»,-ասաց իրանագետը` հավելելով, որ նշյալ տարածաշրջանն այնքան զգայուն է, որ ցանկացած գործողություն այստեղ կարող է բերել լուրջ բախումների: «Այս մեթոդաբանությամբ Մերձավոր Արևելքում աշխատելը կոպիտ սխալ է, քանի որ քաոսի սերմանում հաջողվում է, բայց քաոսի կառավարում` ոչ»,-ընդգծեց նա:
Վարդան Ոսկանյանը խոսեց Երուսաղեմում հայկական հետքի մասին` նշելով, որ այս իմաստով խնդիրն անմիջականորեն առնչվում է նաև մեզ: «Մերձավորարևելյան տարածաշրջանում ծագած այս խնդիրը չափազանց կարևոր է, այն անմիջականորեն առնչվում է նաև մեր շահերին: Երուսաղեմում առկա է հայկական ներկայություն, այն շոշափելի է, հին քաղաքի քառորդ հատվածը` չորս թաղամասերից մեկը, պատկանում է հայերին, և մենք չենք կարող անտարբեր լինել այդ քաղաքի ճակատագրի նկատմամբ»,-ասաց բանախոսը: Նա նշեց, որ Երուսաղեմը երեք կրոնների մայրաքաղաք է, իսկ ամենամեծ հռչակը քաղաքին բերել է հենց Քրիստոնեությունը: «Հետևաբար քաղաքի ճակատագիրը վճռելիս հաշվի չառնել քրիստոնյաների շահերը, կոպտագույն սխալ կլինի: Այդ քրիստոնյաների թվում են նաև հայերը` իրենց ունեցած հսկայական ներկայությամբ»,-այսպես է կարծում Վարդան Ոսկանյանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի սկզբին Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք և փաստաթուղթ Է ստորագրել Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին: Տարբեր երկրների ղեկավարներ Թրամփին կոչ էին արել խուսափել նման հայտարարությունից, քանի որ այն կթեժացնի լարվածությունը Մերձավոր Արևելքում: