Իրանագետը կարծում է` պետք է «Մեղրի» ԱԳՏ-ի առավելություններն իրանցիներին հնարավորինս ներկայացվի
3 րոպեի ընթերցում
![Իրանագետը կարծում է` պետք է «Մեղրի» ԱԳՏ-ի առավելություններն իրանցիներին հնարավորինս ներկայացվի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/12/916541.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը իրանագետը համարում է այն քայլերից մեկը, որը Հայաստանը նախաձեռնել է Իրանի դեմ սանկցիաների վերացմամբ ընձեռված հնարավորություններն օգտագործելու նպատակով: «Ակնհայտ է, որ որոշակի ձեռքբերումներ կան աքտժամիջոցների վերացման արդյունքում, գուցե դրանք, մեր գնահատականներով, այն աստիճանի չեն, որքան կցանկանար մեր հասարակությունն ու կառավարությունը տեսնել, բայց ակնհայտորեն այդ ձեռքբերումներն առկա են: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը դրա ապացույցն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
Նրա խոսքով` աշխարհաքաղաքական իմաստով չափազանց կարևոր խնդիր է Հայաստանն իր համար լուծել` բարեկամական երկրի սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելով: Այն առաջին հերթին կարևորվում է, ըստ Վարդան Ոսկանյանի, իրանական ներդրումներ ներգրավելու տեսանկյունից: «Հայաստանն առաջարկում է արտոնյալ մուտք դեպի ԵԱՏՄ երկրներ, Միացյալ Նահանգների և Եվրամիություն, որոնց հետ ունի առևտրի արտոնյալ պայմաններ: Դիցուկ, խմելու ջուրը, որ կարտադրվի Մեղրի ազատ տնտեսական գոտում «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ, բայց իրանական կապիտալով, կունենա ավելի մրցունակ պայմաններ իմ նշած բոլոր շուկաներում, քան Իրանի ներսում արտադրված նույն ապրանքը: Այս իմաստով մենք պետք է հնարավորինս բաց ներկայացնենք մեր հնարավորություններն իրանցիներին և փորձենք նրանց հրապուրել դեպի այդ տարածաշրջան»,-հավելեց իրանագետը:
Նրա դիտարկմամբ` օտարերկրյա ընկերությունները ևս կարող են հետաքրքրություն դրսևորել «Մեղրի» ԱՏԳ-ի նկատմամբ` այն պարզ պատճառով, որ «շատ դեպքերում եվրոպական ընկերությունները վախենում են Իրան ուղղակիորեն մուտք գործել»: Նա ավելացրեց, որ այսպիսով Հայաստանը կարող է լավ հարթակ լինել հենց այդպիսի ընկերությունների համար:
Իրանի հետ տնտեսական համագործակցության համատեքստում Վարդան Ոսկանյանը չափազանց կարևորեց տրանսպորտային ոլորտում համատեղ ծրագրերի իրագործման ակտիվացումը: «Խոսքը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու մասին է: Մենք մեր օրակարգում պետք է պահենք նաև Հայաստան-Իրան երկաթուղու խնդիրը, ինչը չափազանց կարևոր է թե տնտեսական, թե աշխարհաքաղաքական, թե հոգեբանական առումով»,-ավելացրեց իրանագետը: