ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի այս տարվա կարևորագույն ձեռքբերումներից է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիքի հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Հայաստանը այդ համաձայնագիրը ստորագրեց որպես ԵԱՏՄ անդամ պետություն: Դա յուրահատուկ է, որ Եվրամիության հետ նման համագործակցության պայմանագիր է ստորագրում մի պետություն, որը ԵԱՏՄ անդամ է: Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումից մեծ ակնկալիքներ ունեն և՛ Եվրամիությունը, և՛ ԵԱՏՄ-ն, ինչու չէ, նաև Իրանը»,- նշեց Մանոյանը:
Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` Հայաստանի նպատակը երբեք չի եղել լինել մեկ ճամբարում՝ ընդդեմ մյուս ճամբարի:
«Հայաստանը փորձել է, բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալով, կամրջի դեր խաղալ: Կարծում եմ, այդ համաձայնագիրը կտա այդ հնարավորությունը»,- նշեց Մանոյանը: