Սփյուռք

ՀՀ այցելած ֆինները տպավորված են վերադառնում. Ֆինլանդիայի հայերը ջանք չեն խնայում Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում

8 րոպեի ընթերցում

ՀՀ այցելած ֆինները տպավորված են վերադառնում. Ֆինլանդիայի հայերը ջանք չեն խնայում Հայաստանը ճանաչելի դարձնելու գործում

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայում մոտավոր տվյալներով ապրում է 700-ից ավելի հայ: Այնտեղ բնակվող հայերն աշխատում են տարբեր բնագավառներում և շատերն իրենց ոլորտներում հասել են հաջողությունների: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ֆինլանդիա-Հայաստան ասոցիացիայի հիմնադիրներից Աբգար Մարգարյանը, այնտեղ բնակվող հայերի թիվը մոտավոր է ներկայացվում, քանի որ չկա հստակ վիճակագրություն:

«Հայերի մի մասը ներգաղթել է տարբեր երկրներից տարբեր քաղաքացիություններով: Ոչ բոլոր ներգաղթյալ հայերի մայրենի լեզուն է հայերենը: Այս հանգամանքը դժվարացնում է ստեղծել պաշտոնական ստույգ վիճակագրություն: Ասեմ, որ հայերը ցրված են տարբեր քաղաքներում, նրանք բնակվում են մայրաքաղաք Հելսինկիում, Տամպերե, Տուրկու, Կոտկա, Պորվո քաղաքներում, ինչպես նաև հյուսիսային քաղաքներում»,-ասաց Աբգար Մարգարյանը:

Հայ-ֆիննական հարաբերությունները սկիզբ են առել դեռևս 17-րդ դարում, երբ Ֆինլանդիան Շվեդիայի Թագավորության մի մասն էր կազմում: Հայաստանի վաճառականները առևտրական կապեր են հաստատել Սկանդինավյան երկրների հետ: Մշտական հայ բնակիչներ Ֆինլանդիայում շատ քիչ են եղել: Ռուսաստանից հայերը հաճախ են այցելել Ֆինլանդիա, որտեղ նրանցից ոմանք ունեցել են ամառանոցներ: 20-րդ դարի առաջին կեսին Ֆինլանդիա են այցելել հայ մտավորականներ Ալեքսանդր Աբելյանը, Գարեգին Լևոնյանը, Լևոն Բաշալյանը, Ստեփան Շահումյանը, Վահան Տերյանը, Վահրամ Փափազյանը (Հելսինկիում «Օթելլոյի» 4 ներկայացում է տվել ֆինն դերասանների հետ): 1935-ին Վիլյամ Սարոյանն է այցելել Ֆինլանդիա: Ներգաղթյալների առաջին գրանցումները եղել են 30-ական թվականներին, հետագայում հիմնականում եղել են ներգաղթյալների ալիք Սիրիայից, Պարսկաստանից, Սովետական Միության երկրներից, ինչպես նաև Հայաստանից:

Վերջին տարիներին ներգաղթ սկսվեց մերձավորարևելյան ռազմական գործողություններից հետո, երբ այդ տարածաշրջանի, հիմնականում՝ Սիրիայի հայերը տեղափոխվեցին եվրոպական երկրներ, այդ թվում ՝ Ֆինլանդիա:

Ինչպես տարբեր երկրների հայ համայնքներում, Ֆինլանդիայում նույնպես օրակարգային է հայապահպանության հարցը: Մինչ «Ֆինլանդիա-Հայաստան ասոցիացիա»-ի գրանցվելը՝ ֆինլանդիայում հայ համայնքը տարբեր միջոցառումներ էր կազմակերպում անհատների նախաձեռնությամբ: Աբգար Մարգարյանի խոսքով, տարիների ընթացքում արդեն հասունացավ կազմակերպության հիմնման անհրաժեշտությունը, և 2013-ից «Ֆինլանդիա-Հայաստան ասոցիացիա»-ն սկսեց իր ակտիվ գործունեությունը, որի նպատակն է համախմբել հայերին, ստեղծել միասնականության մթնոլորտ, կազմակերպել մշակութային միջոցառումներ, ստեղծել հայոց լեզվի և մշակութային խմբակներ երեխաների համար:

«Չնայած ասոցիացիայի կարճ պատմությանը՝ այն ծավալել է լուրջ հայապահպանական գործունություն: Այս ընթացքում կազմակերպվել են տարբեր մշակութային միջոցառումներ, հիմնվել է հայոց լեզվի կիրակնօրյա դպրոց, որն արդեն մի քանի տարի գործում է: Ասոցիացիան շատ սերտ համագործակցում է Սփյուռքի նախարարության հետ, որը մեծ պատրաստականությամբ տրամադրում է հայկական դպրոցի գործունեության համար անհրաժեշտ նյութեր»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հետագա նպատակներից է ստեղծել սպորտային և պարի խմբակներ:

«Ֆինլանդիա-Հայաստան ասոցիացիա»-ի հիմնական նպատակներից մեկն է նաև ակտիվ համագործակցել Սփյուռքի հայկական համայնքների, կրթօջախների հետ: Այդ իսկ նպատակով, ասոցիացիան ձեռնամուխ է եղել սերտ կապեր հաստատել հարևան երկրների հայկական համայնքների հետ: Ասոցիացիան սերտ համագործակցում է նաև Ֆինլանդիայում և Շվեդիայի Թագավորությունում ՀՀ դեսպանության հետ: Ֆինլանդիայում կա նաև Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչությունը: Երկու տարի առաջ Ֆինլանդիայի ազգային ժողովում հիմնվել է Հայաստանի բարեկամական խումբ: Հայաստանի հետ կապը նաև ավելի կամրապնդի վերջերս Ֆինլանդիայում ստեղծված Հայկական զարգացման ֆոնդը (DFA):

«Առայժմ ասոցիացիան չունի իր սեփական տարածքը, այդ պատճառով հիմնականում վարձակալում ենք, ինչպես նաև համագործակցում ենք տարբեր հասարակական կազմակերպությունների հետ, որոնք այդ հարցում նույնպես մեզ աջակցում են: Մեր հիմնական խնդիրներից կարելի է առանձնացնել այն, որ հայերը բնակվում են տարբեր քաղաքներում, հեռավորությունը դժվար է դարձնում կապը և հնարավորությունն ավելի հաճախ մասնակցելու տարբեր միջոցառումներին, բայց նշեմ, որ տարեց տարի ավելանում են համայնքային կյանքին ակտիվ մասնակիցների քանակը»,-ավելացրեց Աբգար Մարգարյանը:

Ինչ վերաբերում է ֆինների շրջանում հայերի, Հայաստանի ճանաչելիությանը, ապա Աբգար Մարգարյանը նշեց, որ շատերը տեղյակ են Հայաստանի և հայերի մասին, բայց այս հարցում դեռ շատ անելիքներ կան:

«Այս տարի մեր ասոցիացիան մասնակցում էր Հելսինկիում ամեն տարի կազմակերպվող մշակութային փառատոնին, որի շրջանակներում առաջին անգամ ներկայացրեցինք Հայաստանը: Հայկական տաղավարով հետաքրքրված էին շատ ֆիններ: Շատերը մոտենում ու պատմում էին Հայաստանի մասին, պատմում նաև Հայաստանում իրենց ունեցած ճամփորդության և կրկին Հայաստան այցելելու իրենց ցանկության մասին: Այս տարի նաև մասնակցեցինք «Ռեստորանի օր»-ը փառատոնին, որը մեծ համբավ ունեցող փառատոն է: Հայկական «Ճաշակեք Հայաստանը» տաղավարն աննախադեպ հաջողություն ունեցավ: Միջոցառման կազմակերպիչ Մարիամ Նուրմինենը, վաճառքից ստացած հասույթը փոխանցեց Հայաստանի սահմանամերձ գյուղերի կարիքավոր ընտանիքներին: Հետագայում նպատակ ունենք այսպիսի փառատոններին առավել հաճախ մասնակցել»,-ասաց նա:

Ֆիններին Հայաստանը ներկայացնելու հարցում մեծ ավանդ ունեն նաև Հայաստանի ֆին ընկերները: Աբգար Մարգարյանի խոսքով, Հայր Սերաֆիմը, ով լավ է ճանաչում Հայաստանն ու հայերին, ունի ֆիններենով գրված գրքեր Հայաստանի մասին, թարգմանություններ: Վերջերս նրա՝ Հայաստանի մասին գրքերից մեկը թարգմանվեց նաև շվեդերեն: Կան նաև անհատներ, կազմակերպություններ, ովքեր հաճախ այցելում են Հայաստան, կազմակերպում են տարբեր բարեգործական միջոցառումներ:

Աբգար Մարգարյանը նկատեց, որ Հայաստան այցելած ֆինները շատ տպավորված են վերադառնում Հայաստանից, նրանցից շատերը հետագայում նորից այցելում են Հայաստան: Շատերն ասում են, որ իրենց կյանքը բաժանվում է երկու մասի՝մինչև Հայաստան այցելելը և դրանից հետո:

Ասոցիացիայի հիմնական նպատակներից մեկն է Ֆինլանդիայում հայկական մշակույթի, հայոց պատմության ներկայացումն ու տարածումը՝ իրականացնելով տարբեր միջոցառումներ, որն էլ հիմք է ստեղծում ճանաչելի դարձնել նաև Հայոց ցեղասպանության և Արցախի հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում