Հաջողությունների հասնելու համար պետք է կրթված և ինտելեկտուալ բռնցքամարտիկ լինես. Գոռ Երիցյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են իրենց հաջող ելույթները պրոֆեսիոնալ ռինգում: Հայաստանը ներկայացնող մի քանի մարզիկների շարքում է նաև Գոռ Երիցյանը, ով իր 5-րդ հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ասպարեզում: Գոռի հետ մեր հանդիպումը և զրույցը կայացավ մեր խմբագրությունում, որտեղ նա մեծ սիրով համաձայնեց հյուրընկալվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Երիցյանը խոսեց բռնցքամարտի, պրոֆեսիոնալ ռինգում իր մրցակցի, սիրողական և պրոֆեսիոնալ ռինգերի տարբերության և առաջիկա անելիքների մասին:

-Գոռ, կպատմեք, թե ե՞րբ եք սկսել զբաղվել բռնցքամարտով և ո՞ւմ խորհրդով:

-Բռնցքամարտով սկսել եմ զբաղվել 12 տարեկանից` 2006 թվականից: Հայրս տարավ իր հետքերով, քանի որ ինքն էլ է ժամանակին բռնցքամարտով մարզվել է: Սակայն մինչ բռնցքամարտը մարզվել եմ նաև կարատեով: Քիչ-քիչ սկսեցի հասկանալ, որ բռնցքամարտը իմ մարզաձևն է, քանի որ հաջողությունների հասա Հայաստանի առաջնությունում և Եվրոպայի առաջնությունում և այդպես շարունակ:

-Սովորաբար, երբ ընտանիքի անդամները նույն մասնագիտությունն են ունենում, ապա կամ միմյանց հրաշալի են հասկանում կամ հակառակը: Ինչպե՞ս է ձեզ մոտ:

-Մեզ մոտ հրաշալի է ստացվում, քանի որ հայրս օգնում և աջակցում է ամեն հարցում: Խորհուրդներ է տալիս այս կամ այն մենամարտի համար: Իսկ մայրիկս մեր ընտանիքի ամենահամարձակներից մեկն է: Սառնասիրտ է մոտենում մենամարտերին: Նրա մոտ չկա «վայ, երեխես» արտահայտություն: Միշտ կրկնում է, որ ամեն ինչ լավ կլինի, և ես էլ պետք է լավ մենամարտեմ:

-Վերջերս անցկացրեցիք ձեր հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Ինչպիսի՞ մրցակից էր բաժին հասել ձեզ:

-Ի սկզբանե մրցակիցս պետք է մարոկացի լիներ, բայց հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով փոխվեց: Վերջին երկու-երեք օրերի ընթացքում բոլորիս մրցակիցները փոխվեցին: Հակառակորդս Մադրիդում ապրող վրացի բռնցքամարտիկ էր: Փորձառու էր, 32 մենամարտ էր անցկացրել, որոնից 20-ում հաղթանակ էր տոնել: Սակայն ռինգում ինձ մոտ ամեն ինչ հեշտ ստացվեց և 4-րդ ռաունդից հետո հրաժարվեց հետագա պայքարից: Հիմա մեզ նմանատիպ մենամարտեր շատ են պետք, քանի որ այս կերպ բարձրացնում ենք մեր վարկանիշը: Այստեղ առավել կարևոր է, ոչ թե մենամարտերի քանակը, այլ բռնցքամարտիկների ունեցած վարկանիշը:

-Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի մի քանի անդամներ` այդ թվում և դուք մասնակցեցիք Լեհաստանում կայացած միջազգային մրցաշարի: Ինչպիսի՞ն էր այն:

-Մեկնեցինք ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հետ: Սիրողական այդ ռինգում ինձ հաջողվեց ոսկե մեդալակիր դառնալ: Մրցաշարն անցավ ընկերական մթնոլորտում, և մենք էլ, ֆեդերացիայի ղեկավարությունն էլ գոհ էր:

-Սիրողական և պրոֆեսիոնալ ռինգերը տարբեր հարթակներ են: Որո՞նք են ձեզ համար հիմնական առանձնահատկությունները:

-Սիրողականը և պրոֆեսիոնալը, կարծես, դպրոցի և համալսարանի տարբերությունն ունենան: Հաջողությունների հասնելու համար պետք է կրթված և ինտելեկտով հարուստ բռնցքամարտիկ լինես: Իմ կարծիքով լավ արտահայտվելու համար սիրողական բռնցքամարտի 3 ռաունդները քիչ են: Պրոֆեսիոնալում էլ պետք է շատ բան տաս և աշխատես լուրջ մասնագետների հետ: Ինչպես անում ենք մենք հիմա` հավաքականի գլխավոր մարզիչ Դավթի Թորոսյանի հետ ենք աշխատում: Բոլորիս համար էլ աճն ակնհայտ է: Մեծ ընտանիքի պես առաջ ենք գնում:

-Ռինգում` այդ աղմուկի մեջ, ո՞ւմ եք լսում:

-Ում պետք է լսեմ, միայն՝ մեր մարզչին: Լսում եմ նաև մյուսներին, բայց ուշադրություն չեմ դարձնում: Ամենակարևորը անկյան հետ մարզչի ու քո կապն է:

-Եթե չլիներ բռնցքամարտը ինչո՞վ կզբաղվեիք:

-Դժվարանում եմ ասել, քանի որ չեմ տեսնում ինձ այլ գործում: Սակայն սովորել եմ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում և ունեմ նաև մանկավարժի մասնագիտություն:

-Բռնցքամարտիկը պետք է տաղանդավո՞ր լինի, թե՞ աշխատասեր:

-Տաղանդավոր պետք է լինես, պարտադիր: Բայց առանց աշխատասիրության տաղանդը պետք չի գա:

-Բոլոր մարզիկների մեծագույն երազանքը Օլիմպիական խաղերն են: Արդյո՞ք հնարավոր է, որ ձեզ կտեսնենք Տոկիո-2020-ում:

-Հաջորդ Օլիմպիական խաղերում, որոնք կանցկացվեն Ճապոնիայում, մեծ է հավանականությունը, որ կլինեմ: Մեր նպատակը պրոֆեսիոնալ ռինգում առաջ շարժվելն է, սակայն ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

-Գոռ, պատմե՞ք խնդրում եմ առաջիկա անելիքների մասին:

-Միանշանակ առաջիկա մի քանի օրերին հանգստանալու եմ: Պրոֆեսիոնալ մենամարտից և Լեհաստանի մրցաշարից հետո պետք է վերականգնվել: Իսկ մոտ 10 օրից նորից կվերսկսենք մարզումները` հիմնական շեշտը դնելով ֆիզիկականի վրա: Հունվար ամսվա համար պլաններում կա, որ կմեկնենք ԱՄՆ, որտեղ մարզումներ կանցկացնենք և գուցե նաև կմենամարտենք այնտեղ:

-Գոռ մի քանի բլից հարցեր: Սուրճ, թե՞ թեյ:

-Թեյ:

-Ֆուտբոլ, թե՞ թենիս:

-Ֆուտբոլ:

-Պիցցա, թե՞ պաղպաղակ:

-Պաղպաղակ:

-Թոմ, թե Ջերի:

-Ջերի:

-Ալի, թե Մեյվեզեր:

-Մեյվեզեր:

-Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Լուսանկարները` Տաթև Դուրյանի, նաև Գոռ Երիցյանի անձնական արխիվից

Հայերեն Русский

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով

Եվրոպական ինդեքսներն աճել են - 16/10/26