Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշմամբ Մերձավոր Արևելքում անկայունության ևս մեկ օջախ է հասունանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմամբ կարող է Մերձավոր Արևելքում անկայունության ևս մեկ օջախ հասունանալ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը, Թրամփի այս քայլը վտանգավոր է և հղի բացասական հետևանքներով:

«Կարող ենք ականատես լինել անկանխատեսելի դժգոհությունների պաղեստինցիների կողմից, որոշ երկրների ու Իսրայելի, ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացման, ապստամբության հնարավորության: Դրանից բացի, կարող է լինել ԱՄՆ-ի վարկի անկում արաբամուսուլմանական աշխարհում: Այս քայլը պաղեստինյան հիմնախնդրի լուծման գործում հանգեցնում է ԱՄՆ-ի միջնորդական դերակատարության ձախողման: Նման միակողմանի որոշմամբ ԱՄՆ-ը դուրս է մնում գործընթացից, այն պրոիսրայելական որոշում է: Նաև խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Երուսաղեմի վերաբերյալ գոյություն ունի ՄԱԿ-ի բանաձև առ այն, որ մինչև խնդրի կարգավորումը, քաղաքը պետք է մնա չեզոք»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը նշեց, որ Թրամփն այս որոշմամբ փորձում է իրեն նախորդած կառավարություններից, իշխանություններից ինչ-որ էական բանով տարբերվել, նոր խոսք ասել տասնամյակներ շարունակվող հակամարտության մեջ:

«Այս քայլով նոր անկայունության օջախ է հասունանում: Դժգոհությունների ֆոնին չեն բացառվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները: Պետք է հասկանալ, որ Երուսաղեմը արաբամուսուլմանական աշխարհի համար զգայուն հարցերից մեկն է: Պատահական չէր, որ վերջին շրջանում դիվանագիտական դաշտում արաբական որոշ երկրներ ակտիվացան, փորձում էին կանխել այս քայլը: Ըստ իս` ամեն դեպքում Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն ավելի նեղ խմբի որոշում է: Չեմ կարծում, որ արտաքին քաղաքականության բոլոր մարմինները համաձայն են նման որոշման»,-ասաց Արմեն Պետրոսյանը` նշելով, որ ստեղծված իրավիճակից կարող են օգտվել տարածաշրջանում հավակնություններ ունեցող Ռուսաստանն ու Չինաստանն` իրենց դիրքերն ամրապնդելու համար:

Դժվար ժամանակներ են սկսում նաև Իսրայելի համար: Արաբագետը նկատեց, որ առաջին հայացքից թվում է, թե ԱՄՆ-ի այս քայլը դրական է, սակայն ակնհայտ է, որ բավական լուրջ քաղաքական, դիվանագիտական արշավ է սկսվելու Իսրայելի դեմ: ԱՄՆ-ը նման քայլով ոչ թե մոտեցնում է խնդրի կարգավորումը, այլ հակառակը` հեռացնում:

«Ամեն դեպքում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը չի նշանակում, որ աշխարհն է ճանաչում: Քիչ հավանական է, որ աշխարհաքաղաքական խոշոր դերակատարները կգնան նման քայլի»,-հավելեց նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: Թրամփը նշել է, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը: ԱՄՆ Կոնգրեսը 1995-ին որոշում էր կայացրել էր Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ նախագահները վեց ամիսը մեկ հետաձգում էին այս որոշման իրագործումը` արաբական և մահմեդական աշխարհի միջև լարվածությունը չսրելու համար:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում