Քաղաքագետն Իրանի հետաքրքրվածությունն է տեսնում Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրի շուրջ
2 րոպեի ընթերցում
![Քաղաքագետն Իրանի հետաքրքրվածությունն է տեսնում Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագրի շուրջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/914253.jpg)
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիություն-ՀՀ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով եվրոպական քաղաքականության հաղորդիչի դերն է ստանձնում տարածաշրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:
«Այս ամենի վկայությունն այն է, որ Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումից օրեր անց մեր երկիր է այցելում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Իրանին չափազանց հետաքրքրում է, թե ինչ հնարավորություններ են բացվում Հայաստանի առաջ, որից նա կարող է օգտվել: Կարծում եմ՝ այս համաձայնագիրը բխում է Հայաստանի և Իրանի շահերից»,- նշեց քաղաքագետը:
Մեհրաբյանի խոսքով` Իրանի համար առաջնահերթ են Հայաստանում էներգետիկայի ոլորտը և երկրի տարանցային հնարավորությունները:
«Զարիֆը նշել էր, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները հարիր չեն երկու բարեկամ երկրների ներկայիս քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին: Այսինքն` միայն Հայաստան-Եվրամիություն հարաբերություններով չի սահմանափակվելու համաձայնագրի նշանակությունը: Այն խթանելու է Հայաստանի տնտեսական զարգացումը, իսկ տարածաշրջանում՝ անվտանգության ամրապնդումը և կայունությունը»,- ասաց Մեհրաբյանը:
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 28-ին Հայաստան է այցելել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: