Կարծիքներ

Էդիկ Մինասյանը պատմական իրադարձություն է համարում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը

2 րոպեի ընթերցում

Էդիկ Մինասյանը պատմական իրադարձություն է համարում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը բխում է հայ ժողովրդի ազգային և պետական շահերից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց պատմաբան Էդիկ Մինասյանը:

«Եվրամիության և Հայաստանի միջև համաձայնագիրը շատ կարևոր պատմական փաստաթուղթ է մեր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն խորացնում է հարաբերությունները Եվրամիության հետ, այլ նաև հնարավորություն է ստանալու անմիջական շփում ունենալ եվրոպական արժեքների և քաղաքակրթության հետ: Բացի այդ, համագործակցությունը տեխնիկական աջակցության, տնտեսական զարգացման լայն հեռանկարներ է ստեղծում, ինչու չէ, նաև վիզայի ազատականացման հնարավորություն: Այդ ամենը բխում է մեր պետական և ազգային շահերից»,- ասաց Մինասյանը:

Ըստ պատմաբանի` այս համաձայնագրի ստորագրումը միջազգային ասպարեզում Հայաստանի կողմից հաջող իրականացված համադրման քաղաքականության պտուղն է:

Մինասյանի կարծիքով` Հայաստանն իր պատմության մեջ ունի բազմաթիվ դեպքեր, որտեղ համադրման քաղաքականությունն իր արդյունքը տվել է:

«Հայ ժողովրդի պատմությունից առանձին դեպքեր և իրադարձություններ կարելի է մատնանշել, երբ համադրման քաղաքականությունն իր արդյունքը տվել է` Տիգրան Մեծի, Թեոդորոս Ռշտունու, Աշոտ Առաջին Բագրատունու ժամանակաշրջանում: Այս փաստերը ներկայացնելով՝ կարող ենք ցույց տալ, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը մեր դիվանագիտական ձեռքբերումներից է»,- եզրափակեց Մինասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում