Սպորտ

Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս 

2 րոպեի ընթերցում

Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա. Պսախիս 

ԾԱՂԿԱՁՈՐ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդային Միության շախմատի կրկնակի չեմպիոն Լև Պսախիսի կարծիքով, աշխարհում միայն երկու երկիր կա, որտեղ շախմատն այսքան մասսայական է:

«Միայն Հայաստանում է, որ շախմատի նկատմամբ նման մեծագույն սեր կա: Երկիր մոլորակի վրա նման սեր դեպի շախմատը տեսել եմ միայն մեկ երկրում ևս` Հնդկաստանում: Եվ ինձ համար, որպես շախմատիստի, անասելի հաճելի է տեսնել նման սերը դեպի շախմատը: Ես առաջին անգամ չե, որ Ծաղկաձորում եմ, բազմիցս եղել եմ այստեղ, շատ լավ ծանոթ եմ եղել Տիգրան Պետրոսյանի, Գարրի Կասպարովի հետ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԽՍՀՄ կրկնակի չեմպիոնը:

Հայաստանի շախմատային ֆեդերացիան նոյեմբերի 22-ին կազմակերպել է շախմատի կայծակնային մրցաշար՝ նվիրված միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոն Աշոտ Անաստասյանի հիշատակին: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Մրցաշարին մասնակցում են 14 երկրի շուրջ 200 շախմատիստ, այդ թվում` 29 միջազգային գրոսմայստեր և 28 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 ԱՄՆ դոլար: Սահմանված են 10 հիմնական և 3 հատուկ մրցանակներ:

Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ն էլ կանցկացվի «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Այն կանցկացվի Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարերում հաղթողի կոչման համար կպայքարի 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 12 000 ԱՄՆ դոլար: Սահմանված են 15 հիմնական և 10 հատուկ մրցանակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում