Քաղաքականություն

Մուտքի վիզայի դյուրացումը կնպաստի Հնդկաստանից զբոսաշրջային այցերի աճին. Շավարշ Քոչարյան

3 րոպեի ընթերցում

Մուտքի վիզայի դյուրացումը կնպաստի Հնդկաստանից զբոսաշրջային այցերի աճին. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ դյուրացնում է Հնդկաստանի քաղաքացիների մուտքը մեր երկիր: Այսուհետ Հնդկաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստանի Հանրապետություն այցելելիս մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:

«Մինչ այս Հնդկաստանի քաղաքացիները կարող էին Հայաստան այցելել միայն հրավերի դեպքում կամ Հայաստանի դեսպանատանը դիմելուց: Այս որոշման պարագայում Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանակետերում, էլեկտրոնային կարգով, դեսպանատանը դիմելով: Սա կնպաստի Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու ներդրումների խթանմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում ազատականացնել մուտքի վիզայի հետ կապված հարաբերությունները Հնդկաստանի հետ, այդ թվում՝ փոխադարձության հիման վրա:

Ըստ հիմնավորման, որոշման ընդունումը պայմանավորված է Հնդկաստանի քաղաքացիներին՝ Հայաստան մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը դյուրացնելու անհրաժեշտությամբ:

2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հնդկաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկներիթիվն աճել է 168%-ով (2017թ. հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը տրամադրել է 1695 ՀՀ մուտքի արտոնագիր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 479-ով):

Միաժամանակ երկու երկրների ղեկավարության միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման, տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման, զբոսաշրջության ծավալների աճը խթանելու վերաբերյալ, ինչին ևս կնպաստի ՀՀ սահմանային անցակետերում ՀՀ մուտքի արտոնագիր տրամադրելու կազմակերպումը:

Որոշման ընդունմամբ էլ ավելի կաճեն Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքը ևառևտրաշրջանառության ծավալները, երկուստեք կխթանվեն ներդրումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում