ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք չէ դիտարկել միայն ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմամբ: Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել բնակչության կյանքի իրավունքի, պաշտպանության վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
«Պետք չէ Արցախյան հիմնահարցը դիտարկել զուտ ինքնորոշման իրավունքի իրացման տեսակետից: ԱՄՆ սենատի, կոնգրեսի, ԵՄ-ի կողմից ևս արձանագրվել է այն փաստը, որ բնակչությունն Արցախում գտնվում է ցեղասպանության վտանգի ներքո: Մենք պետք է (արցախցիների) ինքնուրույն պետություն ունենալու խնդիրը հիմնավորենք ոչ միայն ինքնորոշման իրավունքով, այլ նաև մարդու կյանքի իրավունքով»,-ասաց Ալավերդյանը:
Նրա կարծիքով՝ Սումգայիթի ջարդից մինչ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը ադրբեջանցիների ցեղասպանական գործողություններ են:
«Արցախյան հիմնահարցն Ադրբեջանի հարցն է: Ադրբեջանն է փորձում հավակնել իրեն չպատկանող տարածքներին»,-նշեց Ալավերդյանը: