Տնտեսություն

Սերժ Սարգսյանը խոսել է Վերին Լարսին այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին

2 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը խոսել է Վերին Լարսին այլընտրանք գտնելու անհրաժեշտության մասին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ Հայաստանի առևտրային հարաբերություններում վրացական կողմը բարեկիրթ ձևով կատարում է հարևանի և մյուս պարտավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական BFM-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ներկայում Հայաստանը հնարավորություն չունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրային հարաբերություններ հաստատել Վրաստանից բացի այլ ճանապարհով: Ի սկզբանե այն մարդիկ, ովքեր զբաղվում էին Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության կազմավորման և ձևավորման հարցերով, թերևս կարծում էին, որ դա մեծ խոչընդոտ է: Սակայն այն բանից հետո, երբ հանգիստ վերլուծեցին իրավիճակը, հասկացան, որ դա այդպես չէ»,- նշել է ՀՀ Նախագահը:

Նա ընդգծել է, որ այստեղ խոսք կարող է գնալ միայն տեխնիկական խոչընդոտի մասին, որը, սակայն, կարելի է հաղթահարել: «Այստեղ միակ խոչընդոտն, իհարկե, ոչ այդքան լավ որակ ունեցող ճանապարհն է: Նկատի ունեմ լեռնային ճանապարհը՝ հեղեղումներ, ձյան տեղումներ և այլն: Ներկայում մտածում ենք երկրորդ ճանապարհը կառուցելու մասին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը խոսել է նաև Վերին Լարսում սահմանային անցակետերի աշխատանքը բարելավելու անհրաժեշտության մասին: «Մենք պարբերաբար բարձրացնում ենք այդ հարցերը: Մի կողմից անհրաժեշտ է լավացնել անցագրային կետերի աշխատանքը, իսկ մյուս կողմից գտնել ապրանքները ռուսական շուկա տեղափոխելու այլընտրանքային տարբերակներ: Միշտ չէ, որ ամեն բան ստացվում է, և ցանկացած աշխատանքի կատարելագործման համար ժամանակ է անհրաժեշտ»,- նշել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում